Ուկրաինան սկսել է մարել Ռուսաստանին ունեցած գազային պարտքը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Ռուսաստանին վճարել է փետրվարին մատակարարված գազի գնի մի մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը.
«Մենք վճարում ենք գազի համար: Փետրվարի համար արդեն իսկ վճարել ենք մոտ 80 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է վճարել 440 միլիոն դոլար: Մենք միջոցներ ենք հավաքում ու վճարում: Ուկրաինան պլանավորել է այս տարի Ռուսաստանից գնել 27-30 միլիարդ խորանարդ մետր գազ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական «Գազպրոմը» սպառնացել էր դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումները, եթե վերջինս շարունակի չվճարել: Նախորդ և այս տարվա գազամատակարարումների համար Ուկրաինան «Գազպրոմին» պարտք է 1.89 միլիարդ դոլար: