«Հայաստանն ամբողջովին հավատարիմ է Ռուսաստանին, ուստի Ղարաբաղը նրան պետք չէ, ինչպես Ղրիմը». Սաբինա Ֆրեյզեր. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը:
– Տիկին Ֆրեյզեր, Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը Կիևից տեղափոխվեց Ղրիմ, ինչպես և կանխատեսվում էր: Արևմուտքը պայքարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, իսկ Ռուսաստանը կարծես՝ հակառակը: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում և ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարցով Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունը:
– Ղրիմում ստեղծված իրավիճակը չափազանց անհանգստացնող է: Կարելի է նույնիսկ ասել, որ Ղրիմը դե ֆակտո անեքսիայի է ենթարկվում Ռուսաստանի կողմից: Թեև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են, որ ռուսական զորքերը Ղրիմում են, սակայն փոխադրամիջոցների և զորքերի լուսանկարներից պարզ է դառնում, որ դրանք ռուսական են: Ղրիմը շատ ավելի վտանգավոր է, քան Հարավային Օսիան կամ Աբխազիան 2008թ., որովհետև Ղրիմի բնակչության առնվազն կեսը դեմ է Ռուսաստանի հետ ինտեգրմանը:
Հանրաքվեն, որը ծրագրված է մարտի 16-ին, կարող է դառնալ շատ վտանգավոր օջախ, քանի որ նույնիսկ իրավաչափ հանրաքվեները տեղ են գտնում բազմազգ հասարակություններում, ինչպես Բոսնիա-Հերցեգովինայում՝ 1992թ.: Լրագրողների վրա հարձակումների մասին իրազեկումները, թաթարների տների վրա գծանշումները և առանց որևէ նշանի սևազգեստ մարդկանց ներկայությունն ակնհայտորեն միտված են վախ արմատավորել հասարակության այն հատվածների շրջանում, որոնք մոսկվամետ չեն: Ես անհանգստացած եմ, որ այս ամենի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որը կարդարացնի ազգամիջյան բռնության պոռթկումը, ինչը եթե սկսվի, շատ դժվար կլինի վերահսկել և հանգստացնել:
– Արևմտյան որոշ պաշտոնյաներ հայտարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին, իսկ ոմանք էլ դեռ սպառնում են պատժամիջոցներով: Ի՞նչ պետք է անի Արևմուտքը տարածաշրջանում Ռուսաստանի հավակնությունները զսպելու համար:
– Առաջին փուլում ԵՄ-ն համաձայնել է դադարեցնել Մոսկվայի հետ վիզային բանակցությունները, ապա Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները և մասնակցությունը Սոչիում «Մեծ ությակի» գագաթնաժողովին: Եթե առաջիկա մի քանի օրերին Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցություններ չսկսվեն, և եթե դրանք արդյունք չտան սահմանափակ ժամանակային փուլում, ապա ԵՄ-ն կկիրառի զբոսաշրջային արգելքներ, ակտիվների սառեցում, նույնիսկ կկասեցնի ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը: Եթե ՌԴ-ն շարունակի իրավիճակի հետագա լարումը, ապա լայնամասշտաբ պատժամիջոցները կդրվեն սեղանին:
Պակաս կարևոր չէ նաև այն, որ ԵՄ-ն որոշել է որպես առաջնահերթություն մինչ Ուկրաինայում մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ այդպիսով կնքելով Ուկրաինայի հետ ԱՀ-ն: Նախարարներին արդեն հորդորել են զբաղվել ստորագրման նախապատրաստական աշխատանքներով:
ԵՄ-ն ևս սպառնում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներով, և Վաշինգտոնից ստացվող հռետորաբանությունը բավականին քննադատական է ռուսական գործողությունների նկատմամբ: Բայց կասկածելի է, որ ներկայում քննարկվող պատժամիջոցները ազդեն Ռուսաստանի հաշվարկների վրա: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սա համարում են հակամարտություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Ինձ չի թվում, որ նրանք պատրաստվում են ընկրկել այդ սպառնալիքների առաջ:
Ամենալավ բաներից մեկը, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կարող են անել, Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ ստորագրման ուղղությամբ արագ շարժվելն է, ապա Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելը, երբ երկիրը համապատասխանի տեխնիկական պայմաններին:
– Ղրիմում ռուսական գործողություններից հետո Ղրիմը համեմատում են տարածաշրջանային բոլոր, այդ թվում՝ ԼՂ հակամարտության հետ: Տեսակետներ կան նույնիսկ, որ Ղրիմը կարող է նախադեպ դառնալ ԼՂ-ի համար, և որ Ղարաբաղը կարող է շարժվել Ղրիմի սցենարով: Նախադեպ են համարում նաև այն առումով, որ Ռուսաստանն իր հավակնությունները կհասցնի նույնիսկ ԼՂ՝ այնտեղ նույնպես ցանկության դեպքում անձնագրեր բաժանելով, ինչպես Ղրիմում և տարիներ առաջ՝ Աբխազիայում: Ձեզ իրատեսական թվո՞ւմ են նման կանխատեսումները:
– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին անհրաժեշտ է վերցնել ԼՂ-ն: Հայաստանը ցուցադրել է իր ամբողջական հավատարմությունը Ռուսաստանին՝ հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից հանուն Եվրասիական միության և ընդունելով, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելի հզորացվի: Երևանը չափազանց զգույշ է եղել նաև Ղրիմում ռուսական ռազմական ներխուժման ուղղությամբ քննադատության հարցում, թեև, իհարկե, դա ցույց է տալիս, թե ՌԴ ղեկավարությունն ինչպես է պատկերացնում իր հարևանների ինքնիշխանությունը:
– Շատ քաղաքագետներ Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո պնդում են, որ խախտվել է այն անվտանգության համակարգն ու աշխարհակարգը, որը ձևավորվել էր դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խախտվել է նաև բուդապեշտյան հուշագիրը, որն ապացուցում է, որ նախկինում ձեռք բերված համաձայնություններն այլևս չեն գործում, ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն չունեն իրավիճակը վերահսկելու որևէ մանդատ: Արդյոք չե՞ք տեսնում անվտանգության նոր համակարգերի կամ դաշինքների ձևավորման անհրաժեշտություն:
– ՀԱՊԿ-ը ամենահարմար և պատրաստված կազմակերպությունն է հետխորհրդային տարածքում փոքրամասնությունների իրավունքների վերահսկողության և մոնիտորինգի համար: ԵԱՀԿ-ն բավականին երկար ժամանակ գրասենյակ է ունեցել Ուկրաինայում: Շվեյցարիան է ներկայում նախագահում կազմակերպությունը: Շվեյցարացիները նախկինում եղել են միջնորդներ ռուսների հետ: Ուստի, եթե ՀԱՊԿ-ին թույլ չի տրվել խաղալ ավելի մեծ դերակատարություն` ՀԱՊԿ-ին արգելված է մուտք գործել Ղրիմ, դժվար է մտածել, թե ինչպես է հնարավոր ազդել իրավիճակի վրա:
– Այսինքն՝ ինչպե՞ս պետք է հետխորհրդային երկրները որոշակիորեն թուլացնեն իրենց ռազմական և անվտանգության ոլորտում ունեցած կախվածությունը ՌԴ-ից՝ ունենալով հավասարակշռված անվտանգության համակարգ, որը կերաշխավորի երկրներին ռուսական ռազմական ոտնձգություններից:
– Շատ բարդ է ասել, թե ինչպես կարող է երաշխավորվել հետխորհրդային երկրների անվտանգությունը: Վրացական օրինակը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի հետ շատ արագ մերձեցումը կարող է հանգեցնել Ռուսաստանի բացասական և պատերազմող արձագանքին՝ ուղղորդելով փորձագետներին ու որոշում կայացնողներին եզրակացնելու, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պետք է դանդաղեցնել: Բայց ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք տեսնում ենք, որ չնայած Ուկրաինայի ցանկությանը՝ նվազեցնել իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում, Ռուսաստանը որոշել է ներխուժել: Նույնիսկ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների հեռանկարը կարող էր խաթարել ՌԴ-ի անվտանգության զգացումը:
Ռուսաստանին հետևող և եվրաատլանտյան ինտեգրացիայով հետաքրքրված երկրների միջև բևեռացումը վերջին շաբաթներին մեծացել է: Բայց սա նվազեցնելն անհնար կլինի, ինչպես և անհնար կլինի վերաձևավորել մեկ ընդհանուր անվտանգության օրակարգ ողջ Եվրոպայի՝ Վիեննայից Վլադիվոստոկի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Ղրիմի օկուպացիան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։