
Կիևը չի պատրաստվում իր զորքերը մտցնել Ղրիմ. Տուրչինով

France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում իր զորքերը մտցնել Ղրիմ:
Տուրչինովի խոսքերով՝ եթե Կիևը որոշի ռազմական գործողություն սկսել Ղրիմում, ապա Ռուսաստանին սահմանակից արևելյան սահմանը կմնա անպաշտպան: Տուրչինովը վստահեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է տանկային ստորաբաժանումներ և սադրում է Կևին, որպեսզի պայմաններ ստեղծի իր զորքերը մտցնելու համար.
«Մենք չենք պատրաստվում հետևել Կրեմլի մշակած սցենարին: Եթե Ռուսաստանը Ղրիմի տարածքում հարձակվի ուկրաինացի զինվորականների վրա, ապա դրան կհաջորդի բանակի պատասխան արձագանքը: Դժբախտաբար, Ռուսաստանը հրաժարվում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով և չի համաձայնվում ԱԳՆ-ի մակարդակով բանակցություններ սկսելուն:
ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է Ռուսաստանին հարկադրեն դադարեցնել Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիան ու սադրանքները»: Տուրչինովը կեղծիք է անվանել մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն՝ ընդգծելով, որ հանրաքվեն անցկացվելու է ոչ թե Ղրիմում, այլ՝ Կրեմլի կաբինետներում, իսկ ռուսական զինված ուժերը կեղծելու են դրա արդյունքները: