
269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո 15-ամյա տղայի մահը զանգվածային բողոքներ է առաջացրել Թուրքիայում

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ երեկ ողջ Թուրքիայում սկսվել է բողոքի ակցիաների նոր ալիք: Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ մահացել է 15-ամյա Բերքին Էլվանը, ով նախորդ տարվա հունիսից գտնվում էր կոմայի մեջ:
2013 թվականի ամռանը Ստամբուլի «Գեզի» այգու համար կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ Էլվանը ոստիկանության գործողությունների հետևանքով հարված էր ստացել գլխին և տեղափոխվել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժին: Եվ ահա 269 օր կոմայի մեջ մնալուց հետո տղան մահացել է:
Ընդգծվում է, որ նախորդ տարվա ամռանը Էլվանը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, փողոց էր իջել իր ընտանիքի համար հաց գնելու նպատակով և դարձել էր ոստիկանության գործողությունների պատահական զոհ: Դրանով իսկ նա ցուցարարների համար դարձել էր խորհրդանիշ:
Թուրքիայի ոստիկանությունը երեկ երեկոյան Անկարայի կենտրոնում ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների նկատմամբ, որոնք պահանջել են վարչապետ Էրդողանի կոռումպացված կառավարության հրաժարականը:
Բախումներ են գրանցվել նաև Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ վայրերում՝ Ադանա, Իզմիր, Էսքիշեհիր: Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող այս վերջին երկու քաղաքներում գրանցվել են նախորդ տարվա ամռանից հետո ամենամասշտաբային բողոքի ակցիաները: