Կարծում են՝ Արսեն Խոջոյանը սահման չի հատել, նրան առեւանգել են. galatv.am
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները կարծում են, որ 22-ամյա Արսեն Խոջոյան գերեվարվել է ոչ թե Ադրբեջանի սահմանը անցնելուց հետո, այլեւ շատ հնարավոր է, որ նրան եկել տարել են հենց հայկական տարածքներից:
«Ոչ մի պատնեշ չկա, ոչ մի դժվարություն, իրանց ամառանոցը ընդամենը 200 մետր է հեռու: Այնպես որ ավելի հավանական է այն, որ ոչ թե երեխան է անցել, այլ մյուս կողմից են անցել, վախեցրել են կրակելով եւ գերեվարել-տարել են: Թե չէ տղան շատ լավ էր տիրապետում տեղանքին եւ այնտեղ իրենց ամառանոցն է, մի քանի Խոջոյաններով միշտ էլ այդտեղ են եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել են համագյուղացիները:
Գյուղապետ Կամո Չոբանյանը եւս չի բացառել, որ նման բան կարող է եւ եղած լինի: «Դիվերսիոն խումբ չի կարա լինի, բայց ընդհանրապես չի բացառվում, որ երեխին տարած լինեն»: Համագյուղացիները պատմել են, որ ադրբեջանական կողմի լռությունը եւս այդ մասին է խոսում:
«Մենք առաջին օրը երեխուն տեսել ենք ադրբեջանական կանալներով. մեզ մոտ բռնում է, երկրորդ օրը մինչեւ կեսօր էլ ցույց տվեցին ու վերջ, էլ ձեն չկա: Շատ հնարավոր է, որ եկել են վախացրել, թե կկրակենք ու տարել են, ինչ է որ՝ մի երկու հարյուր մետր էլ չկա իրանց ամառանոցից մինչեւ Ադրբեջան»:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ հավանական է համարել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների վարկածը, բայց եւ այնպես չբացառեց, որ հնարավոր է եւ Արսեն Խոջոյանին գերեվարած լինեն հենց հայկական տարածքներում:
Շամշադինի շրջանի գյուղերից տարեկան մեկ-երկու հոգի անցնում է ադրբեջանական սահման՝ կամ պատահաբար մոլորվում է, կամ անցնում է իր կամքով, կամ էլ տանում են:
Մանրամասներն` այստեղ