Լյովա Խաչատրյան. ԲՀԿ-ին ոչ մեկ չի կարող խանգարել՝ իր ծրագրեն իրականացնելու համար
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հանրապետությունում կան «մի քանի դատարկ դհոլներ, որոնք պատվեր կատարելով, իհարկե, իրենց ընտանիքի գոյատևման համար են դա կատարում, բայց մենք գիտենք, որ դա պետք է հաշվի չառնենք, որովհետև, տեսնելով այս համախմբումը, նրանք պետք է փորձեն սեպ խրել»:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ նկատի ուներ իր կուսակցության նախագահը «դատարկ դհոլ» ասելով:
Լյովա Խաչատրյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Ես ի՞նչ իմանամ»:
Մեր հարցին, թե ովքե՞ր են խանգարում ձեր աշխատանքին, ովքեր են փորձում «սեպ խրել», որ ԲՀԿ առաջնորդը նման հայտարարությամբ հանդես եկավ, Լյովա Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Մեզ ոչ մեկ չի կարող խանագրել, ԲՀԿ-ին ոչ մեկ չի կարող խանգարել՝ իր ծրագրեն իրականացնելու համար»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների շարքը ոչ իշխանական ուժերի հետ հաջորդեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան հանրահավաքում հնչած ելույթին, որտեղ նա խոսել էր ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտության մասին: Լ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը հենց այս շրջանակներո՞ւմ է գործողություններ ծավալում: «Գագիկ Ծառուկյանը միշտ աշխատել է, ինչ խոստում տվել է՝ արել է և սա եղել է ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի պրինցիպը, միշտ… »,- պատասխանեց նա:
Հարցին, թե ի՞նչ արդյուքներ են տալու այս հանդիպումները, ինչի՞ն են միտված դրանք, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը գտնի, որ Կառավարությունը չի արդարացնում իր հույզերը, կխզի իր պայմանագիրը կառավարության հետ, սա է… բացարձարկ իշխանությունը մեր երկրում ժողովուրդն է»:
Ճշտող հարցին, թե միայն կառավարության հետ հասարակությունը կխզի՞ պայմանագիրը, նա պատասխանեց. «Միայն կառավարության հետ»:
Հարցինք՝ իսկ նախագահի՞ հետ: «Հարցն այսօր կառավարության վրա է դրված, նա այսօր ոչ մի ծրագիր չի իրականացրել վերջին տարիների ընթացքում, երբ տնտեսական քաղաքականության մշակողն ու իրագործողը կառավարությունն է: Իսկ թե ի՞նչ պահանջ կունենան իրենց նշանակողներից, դա իրենց խնդիրն է, բայց տնտեսական խնդիրներից է դժգոհում,- պատասխանեց նա, ապա շարունակեց,- Ցանկացած նոր վարչապետ, կառավարության անդամ ունենում է իր մոտեցումները, և երբ չի կարողանում կատարել դրանք, պիտի հավաքի իր վեշերն ու գնա, գա մարդը, ով կարող է խոստում տալ ու իր խոստումը կատարել: Սրանք վարձու չինովնիկներ են ժողովրդի կողմից, չի արդարացնում, հեռացնում ես գործից ու ուրիշին ես ընդունում գործի: Սա է: Իսկ եթե դիմակայեն, կխախտեն Սահմանադրությունը, եթե չհեռանան, դրանով իրենք են խախտում Սահմանադրությունը, ոչ թե ժողովուրդը, ով ասում իրենց՝ հեռացեք»:
Մեր հարցին, թե փոխել՝ ո՞ւմ բերել, ինչո՞ւ այլընտրանք չե՞ք առաջարկում, նա պատասխանեց. «Ինչ է նշանակում այլընտրանք, ի՞նչ պարտադիր է մեկը մյուսից առաջ գցենք: Տեսնում եք իշխանության մոտեցումը, հենց մի հատ անուն եք տալիս՝ սկսում են տատու, պապից սկսած սաղ կենսագրությունը քրքրել, տենալ՝ որտեղ է հանկարծ մազերը ձախ սանրել: Ինչի՞ համար նման բանի տակ դրվի մարդը, ես չգիտեմ, հավանաբար, կա որոշակի մարդկանց քանակ, ովքեր որ ծրագիրը մշակում են, գիտեն նաև հաջորդ քայլերը, դա պարտադիր չի, որ բոլորս հենց այսօր իմանանք: Վրաստանում նախագահի անունը վերջին րոպեին իմացան մարդիկ»: