
Ես վրացի եմ, ով կարողացավ միջազգային կարիերա անել Վրաստանում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի այն հայտարարությանը, որում նա զգուշացրել էր Ուկրաինայի ներկայիս իշխանություններին՝ չլսելու համար արկածախնդիր Սաակաշվիլիի խորհուրդներին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ որևէ պաշտոն չի զբաղեցնում Ուկրաինայում և իրեն նվիրում է միայն Վրաստանին. «Ուկրաինայի կառավարությունում իմ ընկերներն են, սակայն հարցը դրանում չէ: Բոլոր ուկրաինացիներն անգիր գիտեն Վրաստանի արդյունքները, և դա նրանց համար դարձել է խթան, մարդիկ պահանջում են կատարել այդ բարեփոխումները»:
Սաակաշվիլիի խոսքերով՝ պատմականորեն շատ վրացիներ են կարիերա արել արտասահմանում, սակայն իր ողջ կարիերան արվել է Վրաստանում. «Ես վրացի եմ, ով կարողացավ միջազգային կարիերա անել Վրաստանում: Դա հազվադեպ է տեղի ունենում մեր պատմության մեջ, և դա ճիշտ ավանդույթ է: Եթե ունենայի թեկուզ 10 կյանք, ապա տասներորդը նույնպես կնվիրեի Վրաստանին»: