
Ղրիմի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել դիվանագիտական ճանապարհով. Սի Ծինփին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ղրիմի ճգնաժամն անհրաժեշտ է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով.
«Չինաստանն օբյեկտիվ ու արդար դիրքորոշում է որդեգրել ուկրաինական հարցում: Ուկրաինայում իրավիճակը չափազանց բարդ է, այդպիսի պայմաններում բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն սառնասրտություն ու զսպվածություն, որպեսզի թույլ չտան նոր լարվածություն:
Անհրաժեշտ է ճգնաժամը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Հուսով եմ, որ շահագրգիռ բոլոր կողմերը տարաձայնությունները կհարթեն շփումների ու խորհրդակցությունների միջոցով, ինչպես որ հարկն է, և ջանքեր կգործադրեն, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճանապարհով:
Չինական կողմը բաց է՝ բոլոր առաջարկներին ու նախագծերին աջակցելու համար, որոնք կօգնեն մեղմել Ուկրաինայի իրավիճակը, և պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի ու շահագրգիռ մյուս կողմերի հետ շփումները»: