Արմեն Մարտիրոսյան. Մաքսային միությունը ամուսնանալ չցանկացող, բայց ամուսնու հետևից վազող հարս է
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ փաստաթղթերի հետ աշխատանքը ավարտված է և Հայաստանը մայիս ամսին կդառնա Մաքսային միության հիմնադիր անդամ: «Մենք մեր դիվանագիտական միջոցներով, նախագահի գլխավորությամբ ուզել ենք, որ ավելի շուտ մտնենք, և որ հիմնադիր անդամներից մեկը հանդիսանանք: Մենք հիմա մտնում ենք հիմնադիր անդամի կարգավիճակով: Բոլոր փաստաղթերը կան, վերլուծությունները կան, երևի մարտի 15-ից հետո նորից կհանդիպեն, ու մայիսին արդեն վերջնական անդամակցած կլինենք»,- նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը արձագանքելով Գալուստ Սահակյանի հայտարարությանը ասաց, թե իշխանությունը պահելու համար իրենք պատրաստ են մտնել մի միություն, որը Հայաստանի համար հեռանկարային չի լինելու: Նա նշեց, որ Մաքսային միությունը արագացնելու է Հայաստանից արտագաղթը դեպի այլ պետություններ ու երկիրը դատարկվելու է:
«Շտապում են միանալ մի տնտեսության, որը ծանր վիճակում է, ոչ մի նոր բան չի կարող առաջարկել Հայաստանին: Եթե իրավիճակը խորանա, խոսքս Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մասին է, որևէ մեկը չի կարող ասել, թե ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստան-Վրաստան սահմանը: Շտապելու որևէ խնդիր չկա, 3.5 տարի բանակցում էին Ասոցացման համաձայանգրի շուրջ ու առնվազն մի այդքան էլ կարելի էր Մաքսայինի հետ կապված բանակցել, ոչ թե շատ-շատ-շատ մեծ հարցականներով միությանը միանալ, բայց չէ, չարեցին, գնացին ու…»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը համեմատեց ամուսնանալ չցանկացող, բայց ամուսնու հետևից վազող հարսի հետ: «Սա այն ամուսնության տեսակն է, որ ոչ հարսն է ուզում պսակվի, ոչ հարսի հազարտներն են ուզում, բայց շահ են տեսնում, վազելով գնում եմ հարսանիքի, պսակվում են»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե հիմնադիր անդամ լինելը՝ «առավելություն է, պատկերացրեք, որ լինեինք տասներորդը», Արմեն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Լավ, հասկացանք հիմնադիր, բայց առավելությունն ինչո՞ւմն է, կարող է հիմնադրին ավելի շատ հարվածներ է գալու, քան տասներորդին, ով մշակված միությանն է միանում: Ո՞վ ասեց, որ առավելություն է… որևէ մեկը բանական պատասխան չտվեց, թե դա ի՞նչ է: Ի՞նչ է դա տալու՝ զեղչեր են անելո՞ւ հիմնադիր անդամներին, յուրահատուկ մոտեցումներ են լինելու, Ղարաբաղի անկախությունն են ճանաչելու, ի՞նչ են անելու»:
Իսկ ի՞նչ սպասել մայիս ամսից, երբ Հայաստանն արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը՝ հարցը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հորդորեց ուղղել Գալուստ Սահակյանին: «Էդ մեկը Գալուստ Սահակյանը կպատասպանի, իրենք երևի շատ բան գիտեն՝ մեզ չեն ասում, թաքուն են պահում: Մեզ այդ միությանն անդամակցելով հաստատ լուսավոր ապագա չի սպասվում, բայց հնարավոր է՝ իրենք այնպիսի բաներ գիտեն, որ գերգաղտնի է, միայն իրենք գիտեն: Չնայած Գալուստ Սահակյանն էլ դժվար իմանա, նա չէ՞ր, որ հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը ստորագրելու է, մյուս օրը իր կուսակցության նախագահը գնաց Մոսկվա, հայտարարեց, որ Մաքսային միություն ենք գնում…»: