Բաժիններ՝

Ինչու էին գյուղացիները փակել մայրուղին (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր հէկ-ի շինարարությունը, որը երեկ առաջացրել էր 7 գյուղի բնակիչների դժգոհությունը, ապօրինի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց «Համահայկական բնապահպանական ճակատի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը.

«Սկսվել են բավականին լուրջ շինարարական աշխատանքներ: Ըստ էության, եթե դուք կառուցում եք  2 մետր տրամագծով խողովակաշար, որն անցկացվելու է այդ տարածքում, դա միանշանակ բնապահպանական փորձաքննություն պետք է անցնի: Եթե կառավարությունից ինչ-որ մեկը գտնում է, որ այդ փորձաքննության կարիքը չկա, ապա ինքը չարաչար սխալվում է, որովհետև ինքն ազդում է հողային ռեսուրսների վրա: Մենք տեսանք, թե ինչպես է հողի բերրի շերտն ուղղակի տեղահանված և լցված ինչ-որ ձորում: Ո՞վ է տվել այդ թույլտվությունը: Հողային օրենսգիրք գոյություն ունի, գոյություն ունի հողի բերրի շերտի օգտագործման կարգ: Եկեք հասկանանք, որ մենք պետք է օրենքով շարժվենք այս երկրում»:

Գալստյանը հավելեց, որ գյուղացիներն իրենց մտահոգությունն արտահայտում են և բողոքի ձայն են բարձրացնում, քանի որ չեն ցանկանում, որ կրկնվի նույնը, ինչ եղավ 2012 թվականին Ապարանի ջրամբարի հետ:

«Ըստ Հիդրոմետ վարչության տվյալների՝ մարտ ամսին իրենք կանխատեսում էին, որ 100%-ով Ապարանի ջրամբարը կլինի լցված, հետո պարզվեց, որ Ապարանի ջրամբարը լցված է ընդամենը 36 միլիոն խորանարդ մետր ծավալով: Ուրեմն Հայաստանում չկա այն պատասխանատու մարդը, այն պատասխանատու կազմակերպությունը, որ ստուգի՝ այդ հէկ-ը, որը կառուցվելու է, կլցնի՞ այդքան քանակությամբ ջուր, թե՞ կվերցնի նաև այն ջուրը, որ ինքը չպետք է վերցներ: Եկեք այդ փաստն ընդունենք, որ չկա այդ համակարգը»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը հավաստում է, որ գյուղացիները ոտքի են կանգնել անվստահության պատճառով. «մինչև ջրօգտագործման թույլտվություն տալը, պետք է գյուղացուն իրազեկել, ոչ թե գալ շինարարությունը անել, հետո նոր տեսնել, թե գյուղացիներն ինչ կասեն: Այն այգիները, որ այսօր ջրվում են, և այն թիվը, որ փոխվարչապետը ասաց՝ ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, պետք է լուրջ մասնագիտական հետազոտություն կատարել, եթե գյուղացին ասում է՝ ինձ ջուրը չի հերիքում, ուրեմն  խնդիր կա իրականում: Դրա համար իրենք ստիպված արագահոսից վերցնում են ջուր, որ ջրեն իրենց այգիները»:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ՝ գյուղացիներն այդկերպ արձագանքեցին հէկ-ի կառուցման, քանի որ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: «Պաշտոնատար անձինք կանգնած հինգ րոպեում ութ բան էին ասում` արագահոս ենք կառուցում, արագահոս ենք վերակառուցում, գէս ենք կառուցում, գէս չենք կառուցում, կարծես թե ծաղրում էին ժողովրդին: Եվ սա էր խնդիրը, որ մարդիկ բորբոքվել էին: Պարզապես անտեղեկացվածություն է»,- ասաց նա:

Միաժամանակ նա նշեց, թե այդ ամենի հետ մեկտեղ՝ կա մեկ ուրախալի լուր. «Կարծես թե կառավարությունը շատ օպերատիվ արձագանքեց երեկվա իրավիճակին: Այսօր ինձ փոխվարչապետը հրավիրել էր Կառավարություն՝ քննարկելու պրոբլեմը»:

ԱԺ պատգամավորը, սակայն, գտնում է, որ հէկ-ի կառուցումը, որն առաջացրել էր 7 գյուղի բնակիչների վրդովմունքը, ոչ մի բանի չի խանգարի: «Մարդկանց բացատրեք: Ոռոգման համակարգն ունի թերի տեղեր: Մարդիկ ստիպված արագընթացից են վերցնում ջուրն ու հարակից այգիները ջրում: Դրանից ջուր վերցնելու իրավունք չկա: Բայց քանի որ ոռոգման համակարգը չի աշխատում, մարդիկ ստիպված դրանից են վերցնում»:

Լյովա Խաչատրյանի հավաստմամբ՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տեղյակ է և անձամբ հավաստել է, որ «մինչև արագահոսի կառուցումն այդ բացթողումները, վերանորոգման աշխատանքները կկատարեն»:

Նրա փոխանցմամբ՝ փոխվարչապետը խոստացել է նաև ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի և կբացատրի բնակչությանը հէկ-ի դրական և բացասական կողմերի մասին. «Հէկ-ը կառուցվելու է, բայց, երբ ստանանք թույլտվություն, երբ որ սկսենք գործընթացները, կսկսվի քննարկում և՛ բնապահպանների հետ, և՛ բնակչության հետ»:

Հանդիպմանը ներկա էր նաև «Սևան-Հրազդան» ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս  նշեց, որ իրենց պայմանը եղել այն, որ հէկ կառուցելու դեպքում ԳԱԱ ՓԲԸ-ն նաև պետք է վերակառուցի այդ հատվածը:

Հանդիպման ներկայացուցիչները նաև նշեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել բնակիչներից մի քանիսին՝ իրենց համայնքապետերի հետ միասին: Թե ինչո՞ւ է հենց ոստիկանապետն այդպես վարվել՝ դեռ չգիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս