Մեղրի գետում 2 շաբաթ անընդմեջ նկատելի էին անհայտ ծագման արտանետումներ. պնդում են մեղրեցիները (տեսանյութ). ecolur.org
ecolur.org-ը գրում է. «Այս տարվա փետրվարին Մեղրի գետում շուրջ 15 օր նկատելի էր կանաչադեղնավուն զանգված, սակայն որևէ մեկին դա չանհանգստացրեց: Ես ահազանգեցի տարբեր մարդկանց…: Ձայն բարբառո անապատի, ինչպես միշտ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասել է Մեղրի քաղաքի ավագանու նախկին անդամ Մարատ Օհանյանը:
«Մեղրեցիները միշտ կարողացել են օգտվել Մեղրի գետի ձկնային պաշարներից, իսկ հիմա Մեղրի գետում մի ճիճու անգամ դուք չեք գտնի: Գետում ձկների պոպուլյացիան միշտ նորմալ իրականացվել է, իսկ այսօր հանքարդյունաբերության հետևանքով գետում հայտնված թունավոր նյութերի պատճառով վերացել է գետի կենսաբազմազանությունը, աղտոտվում է բնակիչների ոռոգման ջուրը, ծանր մետաղներով են լցվում մեր այգիները»,- ասաց նա` օրինակ բերելով Տաշտունի ոսկու հանքավայրը, որի կառուցմանը դեմ են դուրս եկել տեղի բնակիչները:
2013 թ-ի նոյեմբեր ամսին Մարատ Օհանյանը հրաժարվել էր ավագանու անդամի իր լիազորություններից՝ Մեղրիում փոքր ՀԷԿ-ի կառուցապատման պատճառով: