Կարեն Կարապետյան. «Մարտի 1-ի համար ԲՀԿ-ն պատասխանատու է այնքան, որքան ՀՀԿ-ն»
«Հայաստանում պետք է իշխանափոխություն, դա ներքին օրակարգային թիվ մեկ խնդիրն է: Բայց ՀՀԿ-ն փոխարինել ԲՀԿ-ով՝ այդպիսով Հայաստանի քաղաքացիների կյանքում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա: Պետք է համակարգային փոփոխություն, մտածողության փոփոխություն: Եթե ԲՀԿ-ՀՀԿ իրական կոմֆլիկտ առաջանա, ԲՀԿ-ն դուրս գա ՀՀԿ-ի դեմ, ապա դրանից հասարակությունը չի շահի, քանի որ բավական երկար տարիներ ԲՀԿ-ն կիսում է հավասար պատասխանատվություն ՀՀԿ-ի հետ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ընդհուպ մինչև՝ Մարտի 1-ը: Մարտի 1-ի համար ԲՀԿ-ն պատասխանատու է այնքան, որքան ՀՀԿ-ն»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
Նաև հավելեց. «Եկեք, ի վերջո, չմոռանանք, թե ում կողմից է ստեղծվել ԲՀԿ-ն: Այն ի սկզբանե քաղաքական պրոյեկտ էր՝ Քոչարյանի հենարանը դառնալու համար: Եթե մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ օգուտ կտա Հայաստանի Հանրապետությանը, քան Սերժ Սարգսյանը, ապա դա մոտեցումների տարբերություն է:
Ես գտնում եմ, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, և ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն կարող ՀՀ-ն դարձնել բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար երկիր: Առհասարակ, կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունը ու ժողովրդավարությունը երեք նախագահների եռանկյունուց դուրս պետք է լինի այսուհետև: Ի վերջո, Հայաստանն արդեն քանի տարի հռչակել է իր անկախությունը և Հայաստանում պետք են արմատական փոփոխություններ: Չի կարելի հավերժ ֆիքսվել երկու, երեք անհատների վրա ու ապագան կապել այդ երեք անհատների սուբյեկտիվ մտածողության հետ: Պետք է քաղաքական նոր սերունդ»:
Խոսելով ուկրաինական զարգացումների և Ղրիմի մասին, Կ. Կարապետյանը հայտնեց, որ Ղրիմն ու Արցախը որևէ ընդհանրություն չունեն, և պետք է վերջ տալ այն զորիբալայանական մոտեցմանը, ըստ որի՝ եթե Արցախը մտնի ՌԴ-ի կազմի մեջ, այնտեղ ամեն ինչ անվտանգ կլինի և կպահպանվի հայերի ինքնությունը:
«Սա հիմնավորապես սխալ մոտեցում է: Ղարաբաղի ժողովուրդն ի սկզբանե իր ինքնորոշման համար է ելել պայքարի, այլ ոչ թե մի պետության կազմից դուրս գալու և այլ պետության մեջ մտնելո համար: Բացի դրանից, ոչ թե տեղի ունեցավ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման պայքար, այլ ռուսական ռազմաբազաները դուրս եկան Ղրիմում իրենց լիազրությունների սահմաններից և սկսեցին խառնվել Ուկրաինայի ներքին գործերին: Համեմատության եզր Ղրիմի և Արցախի միջև գոյություն չունի:
Իսկ եթե Արցախը ինչ-որ վերլուծաբանների կամ քաղաքագետների կարծիքով՝ պետք է մտնի ՌԴ-ի կազմի մեջ, ապա դա կլինի Ղարաբաղյան ինքնորոշման հարցի թաղումը»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին.
«Շատ չեմ ուզում խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, քանի որ դա, ամեն դեպքում, իր ելույթն էր: Բայց, իհարկե, ցավալի է, որ համեմատության եզրեր են անցկացվում Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլիի միջև: Ես չեմ ցավում ոչ մեկի, ոչ մյուսի համար, բայց ինձ համար հասկանալի չէ այդ համեմատության եզրը: Ես մտածում եմ՝ հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը ունի ինֆորմացիա, որից մենք զուրկ ենք: Ենթադրենք, նա ունի այնպիսի ինֆորմացիա, որ Իվանիշվիլին զինվորական համազգեստներ է հագցրել իր թիկնապահներին և նրանց բաց թողել հանրահավաք անցկացնող ժողովրդի վրա»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը՝ խոսելով Մաքսային միության մասին, ասաց, որ այն սնանկ գաղափար է և երկար կյանք ունենալ չի կարող, ինչպես չի կարող ունենալ ցանկացած միություն, որի ստեղծման հիմքում ոչ թե հասարակության ազատ ընտրության հնարավորությունն է, այլ շանտաժն ու ճնշումը.
«Նման ձևով ստեղծվող միությունը չի կարող երկար կյանք ունենալ: Այդ միության հիմքում չկա որևէ արժեհամակարգ: Բացի այդ, Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ազդակ կարող են հանդիսանալ հայ հասարակության համար, որ Ռուսաստանը այն ուժը չէ, որի շուրջ ստեղծվել է այն միֆը, թե այն ամենակարող է: Ցանկացած երևույթի դեմ կարելի է պայքարել և հասնել հաջողության, ինչպես դա արեցին Ուկրաինայում»:
Կարեն Կարապետյանի կարծիքով՝ Մաքսային միության մեջ կա գեթ մեկ շահ՝ Ռուսաստանի դաշնության շահը, և տպավորություն է, որ մյուս երկրները պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի շահերին ծառայելու համար:
«Ես կարծում եմ, որ ռուս ժողովուրդը, ի վերջո, նույնպես ազատագրվելու է բռնապետությունից, նույնպես թոթափելու է այդ պուտինական ռեժիմը: Իսկ Հայաստանը ունի մեկ ճանապարհ և դա Եվրաինտեգրումն է, որն իր մեջ ներառում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները: Հայ հասարակությունը աստիճանաբար սկսել է դուրս գալ 70 տարվա ռուսապաշտությունից»: