Աշոտ Մանուչարյան. Ուկրաինան վերցնելը բերում է նրան, որ Ռուսաստանը բացարձակ անպաշտպան է դառնում

Թե´ արևմտամետ, թե´ ռուսամետ ուժերի դիտարկումներն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ բավական պարզունակ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին:

Ա. Մանուչարյանի խոսքով` արևմտամետ ուժերը ճիշտ են այն իմաստով, որ Ուկրաինայի ժողովուրդն ապստամբել է ընդդեմ «հարստահարողների» և «մաֆիոզ ղեկավարության», իսկ ռուսները ճիշտ են այն իմաստով, որ այդ ապստամբ ուժերի մեջ կան «խառնակիչներ», որոնց խառնակչության դեմ է դուրս եկել էթնիկ ռուս բնակչությունը: Սակայն քաղաքական գործչի կարծիքով` այս երկու տեսակետները պարզունակ հարթությունում են, և խնդրում  կա ավելի խորը հարցադրում` իսկ ո՞վ բարձրացրեց Ուկրաինայի ժողովրդին:

«Բարձրացրեցին որոշակի ուժեր: Ուժեր, որոնք կապված են Արևմուտքի հետ, Ուկրաինայում բավական շատ կան, քաղաքական ուժեր, գործիչներ: Գործիչներ, որ կապված են Ռուսաստանի հետ, նույնպես շատ կան, և այս երկու արտաքին ուժերն իրենց կողմնակիցներին ոտքի հանեցին, որ լուծեն իրենց հետաքրքրող հարցերը, այսինքն` ամեն մեկն իր կողմը քաշի Ուկրաինան»,- կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:

Նա գտնում է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա այժմ ողջ աշխարհում կատարվում են տեկտոնիկ շրջադարձներ. «ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը, անդադար ստրատեգիական հարձակում գործելով, ճնշում էր այն, ինչ մնացել էր Խորհրդային Միությունից, առաջին հերթին` Ռուսաստանին, որին ուզում էր վերացնել` որպես իրեն գլոբալ հավասարակշռող: Այսօր Ռուսաստանն աշխարհում միակ ուժն է, որը տարեկան 3-4 չորս անգամ ԱՄՆ-ին ասում է «ոչ»: Եթե այդ հավասարակշռությունն աշխարհում վերանա, աշխարհը կդառնա շատ ավելի կատաստրոֆիկ մի տեղ, որտեղ ով ինչ ուզենա` կթելադրի… Գլոբալ առճակատման տեսակետից` Ուկրաինան վերցնելը բերում է նրան, որ Ռուսաստանը բացարձակ անպաշտպան է դառնում. եթե ՆԱՏՕ-ն հայտնվեց Ուկրաինայում, դա նշանակում է, որ Ռուսաստանի ռազմական անվտանգությունը բացարձակապես փուչ է»:

Կարդացեք նաև

Միաժամանակ Աշոտ Մանուչարյանն ավելացրեց, որ այս բարդ իրավիճակում ամենաշատը կարող է տուժել Ուկրաինան:

«Բոլորս մեծ ցավ պետք է ապրենք Ուկրաինայի ժողովրդի համար, որն այս գործում միակ անկեղծն է, քանի որ, իրոք, ուզում է նորմալ երկիր, ազատություն: Մեր հայրենակից Բորիս Եղիազարյանը, ով շարժման ժամանակ`1988 թվականին, մեր արտաքին կապերի ղեկավարն էր, արդեն մոտ 20 տարի տեղափոխվել է Ուկրաինա, հայտնի նկարիչ է և այլն, Մայդանի ամենաանկեղծ, ամենախորը, ամենանվիրյալ գործիչներից է: Ինձ համար Բորիսը Ուկրաինայի կերպարն է, որը ոտքի է կանգնել, որ նորմալ երկիր ստանա: Բայց մնացածը, ինչի մասին խոսեցի, երբեք չեն թողնելու, որ Բորիսները իրականացնեն իրենց իղձերն ու երազանքները: Այսօր Ուկրաինան կանգնած է ազգային աղետի առջև: Ով է վատը` Արևմուտքը, Ռուսաստանը, կարևոր չէ: Այս բոլոր երևույթների հետևանքով այդ երկրին սպառնում է քաղաքացիական պատերազմ, բախումներ, մեծագույն անկումներ, տրոհում և այլն:

Այս ամբողջը վերաբերում է նաև Հայաստանին: Նույն որակները, գնահատականները` առկա են նաև այստեղ, դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք` հասկանալու ուկրաինական իրադարձությունները: Բացի այդ` գլոբալ աշխարհը սրընթաց փոխվում է, Ուկրաինայի իրադարձությունները բերելու են նրան, որ մենք ապրելու ենք լրիվ այլ աշխարհում` մեր մաֆիոզ իշխանությունով, մեր` անմեղսունակ աստիճանի հասած քաղաքական դաշտով և այլն: Սա ուղղակի անթույլատրելի է,մենք պետք է շատ արագ սթափվենք»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս