Գյուղնախարարությունը՝ Վարդան Պետրոսյանի գործով հայցվոր

Պարզվում է՝ Վարդան Պետրոսյանի քրեական գործով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական կազմակերպությունը (այս մասին տեղեկացանք Datalex դատական տեղեկատվական համակարգից):
Երեկ «168 ժամը» «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց:

Գ. Խաչատրյանն ասաց, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին», իսկ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, իրենց աշխատակիցն է: Գ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հիմնականում իրականացրել է մարզային այցելություններ, քանի որ, ըստ նրա՝ ծրագրերը մարզային են, աշխատակիցները հաճախ մարզեր են գնում:

«Պետական գույքը վնասվելու կապակցությամբ մենք հայց ենք ներկայացրել դեպքի կապակցությամբ վնասը փոխհատուցելու համար,- ասաց Գ. Խաչատրյանը՝ ավելացնելով,- Դեպքի կապակցությամբ հայց ենք ներկայացրել, դատարանի վճռով ով մեղավոր կճանաչվի՝ նա էլ կվերականգնի գույքը, որովհետև վնասվել է պետական գույքը, կարծում եմ՝ կարգն է այդպիսին»:

Գ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումարի պահանջ է ներկայացվել քաղաքացիական հայցով: «Ես չեմ կարող ասել գումարի չափը, վնասն էլ կորոշեն անկախ փորձագետները և կասեն վնասի չափը»,- ի պատասխան` ասաց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենը: Նաև հավելեց. «Այսպես թե այնպես, մեղավորն է վճարելու, իսկ մեղավորը որոշում են դատարանի վճռով, այլ կերպ մեղավոր չեն որոշում մեր երկրում, և ընդհանրապես իրավական համակարգում այդպես է»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ոչ աշխատանքային ժամին գրասենյակին պատկանող ավտոմեքենան ինչո՞ւ էր շահագործման մեջ, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Մենք պայմանագիր ունենք վարորդների հետ, մեքենաները պահվում են իրենց մոտ, և իրենք պատասխանատու են մեքենաների համար, որովհետև ԾԻԳ-ը չունի ավտոկայանատեղի, որտեղ մեքենաները կարող են կայանել:

Ժամկետների առումով մենք աշխատում ենք շաբաթվա գրեթե բոլոր օրերին: Լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում, ծրագրեր ենք իրականացնում մարզերում: Հնարավոր է, որ գնան-մնան հեռավոր մարզերում 1, 2, 3 օր՝ կախված աշխատանքի բնույթից»: Գ. Խաչատրյանի խոսքով՝ վարորդները պատասխանատու են մեքենաների պահպանության և այլ հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ քրեական վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Ն.Բաղդասարյանի կողմից ներկայացված` Վ. Պետրոսյանի ձերբակալման վերաբերյալ նախաքննական մարմնի որոշման մասին բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս