
Արմեն Երիցյանը այցելել է Շիրակի մարզ

Մարտր 4-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում:
Նախարարն այցելեց Թալինի, Արթիկի, Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին և տվեց համապատասխան հանձնարարականներ:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հաջորդ կանգառը Շիրակի մարզային փրկարարական վարչությունն էր, որտեղ ևս նախարարը շրջեց վարչության շենքում, եղավ աշխատասենյակներում` ծանոթանալով աշխատանքային պայմաններին։
Գյումրում գտնվող Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունում ԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ծառայության աշխատակիցների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Երիցյանը շեշտեց Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ հզոր ծառայություն ունենալու կարևորությունը և նշեց, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր արդեն արվում են. վերազինվում է իր տեսակի մեջ եզակի Գառնու սեյսմիկ դիտարանը:
Այցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն`Շիրակի մարզպետի և մարզի համայնքային ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հզորացվելու է 911 ծառայությունը և ճգնաժամային կառավարման կենտրոն է ստեղծվելու նաև Շիրակի մարզում: