Բաժիններ՝

Ձեռքներդ հեռու ազատ Ուկրաինայից. Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ:

«Հանուն եվրոպական ապագայի եւ ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տեւած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը:

Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի եւ հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարեւան երկրի նկատմամբ սանձազերծեց ագրեսիա:

Այս գործողություննեը մենք գնահատում ենք որպես միջազգային հանրությանը եւ գլոբալ անվտանգությանը նետված մարտահրավեր, միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Այս գործողությունները հիշեցնում են Եվրոպայի պատմության ամոթալի դրվագները` 1938 թվականին Հիտլերի կողմից Ավստրիայի անշլյուսը եւ Չեխիայի բռնակցումը (անեքսիան):

Ուկրաինայում ստեղծված ներկայիս իրավիճակը էապես այլ կլիներ, եթե 2008 թվականին միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը հիմնված լինեյին Վրաստանին տրված անվտանգության գործուն երաշխիքների վրա, եւ արժանի հակահարված հասցվեր Կրեմլին:

Ներկա ճգնաժամային իրավիճակում ժողովրդավարական բոլոր ուժերի պարտքն է՝ փրկել ազատ Ուկրաինան զավթիչներից եւ սանձել Մոսկվայի կայսերապետական հավակնությունները:

Հույս ունենք, որ Ազատության համար պայքարող Ուկրաինան արթնացրել է քաղաքակիրթ աշխարհի հանրությանը, ձերբազատել նրան քրեաօլիգարխիկ, համկարգված կոռուպցիայի սկզբունքներով առաջնորդվող իշխանությունների «ինքնակամ փոխակերպման» հնարավորության պատրանքներից, ապացուցելով, որ այդպիսի ռեժիմները հեշտությամբ են ժխտում միջազգային պարտավորությունները եւ գործարքների գնում էությամբ իրենց հարազատ գործելաոճով առաջնորդվող Կրեմլի հետ:

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների ոչ արժանապատիվ լռությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ:

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, բոլոր պետություններին եւ առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Եվրոպական միությանը՝

– կանխել Ուկրաինայի նկատմամբ ահագնացող բռնությունները եւ պաշտպանել նրա ազատ ընտրությունը, ինքնիշխանությունն ու միասնականությունը՝ համաձայն 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի պարտավորվածությունների,

– նետված մարտահրավերին համարժեք, միասնական դիրքորոշմամբ ու համակարգված գործողություններով կանգնեցնել ագրեսորին: Անհապաղ սկսել Ռուսաստանը Մեծ ութնյակի եւ Եվրոպայի խորհրդի կազմից հեռացնելու գործընթաց,

– բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ ՌԴ իշխանությունների հանդեպ դրսեւորել համընդհանուր բոյկոտ եւ ՌԴ դեսպանատների դիմաց կազմակերպել բողոքի ակցիաներ,

– իրականացնել խիստ պատժամիջոցներ Պուտինի ռեժիմի առանցքային դեմքերի եւ նրա շրջապատի նկատմամբ՝ զրկել նրանց մուտքի արտոնագրերից, սառեցնել նրանց բանկային հաշիվները, սկսել նախաքննություն եւ պարզել այդ անձանց պատկանող ընկերությունների ու ձեռնարկությունների օրինականությունը:

Ձեռքներդ հեռու ազատ Ուկրաինայից, պաշտպանենք Ուկրաինայի ինքնաիշխան պետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են

Առուստամյան Գայանե- Երեւան, Հայաստան

Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ

Բարսեղյան Լեւոն- Գյումրի, Հայաստան

Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա

Եղիազարյան Բորիս-Կիեւ, Ուկրաինա

Մեհրաբյան Ռուբեն- Երեւան, Հայաստան

Մկրտչյան Մուշեղ – Բրյուսել, Բելգիա

Նավասարդյան Բորիս- Երեւան, Հայաստան

Հովհաննեսյան Զարուհի- Երեւան, Հայաստան

Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, ԱՄՆ

Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան

Շահնազարյան Դավիթ- Երեւան, Հայաստան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս