ՀԱԿ-ը տարակուսում է
«Ես ափսոսում եմ, որ չենք կարողանում մեկին գտնել, ով կարող է մեր ժողովրդին պաշտոնական մակարդակով բացատրել, թե մենք ինչ վերաբերմունք ունենք` Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը` գնահատելով Ուկրաինայի հարցով պաշտոնական Երևանի լռությունը:
«Անգամ այն ողբերգական դեպքերից հետո, որ տեղի ունեցան Կիևի կենտրոնում` շուրջ 100 զոհերի ելքով, պաշտոնական Երևանը կրկին որևէ ռեակցիա չտվեց: Եվ ես պարզապես տարակուսում եմ, թե ինչպե՞ս դա պետք է անդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների ապագայի, հեռանկարի և Ուկրաինայում ապրող հայերի վրա»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի բուն իրադարձություններին և Ղրիմի հարցի շուրջ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը, այդ մասին նա նշեց. «Միայն կարող եմ ասել, որ Հայ ազգային կոնգրեսն ուշադիր հետևում է իրադարձություններին, մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ և հույս ունենք, որ հարցերը կկարգավորվեն ռուս-ուկրաինական եղբայրական հարաբերությունների համատեքստում»:
Իսկ հարցին, թե որքանո՞վ են տեղին Ղրիմի խնդրի և ղարաբաղյան հիմնահարցի միջև այսօր կատարվող համեմատությունները, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Կարծում եմ, որ դրանք վերլուծաբանների, քաղաքագետների մտորումների աղբյուր են: Ես ինձ թույլ չեմ տա այս պահին նման զուգահեռ անցկացնելու: Մենք մշտապես հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման հարց է»:
Հիշեցնենք, որ ի պատասխան մեր հարցին` ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել էր. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»:



