Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ը օգտվում է ԲՀԿ-ի կապիտալից, բայց մոռանում են, որ այդ կապիտալը անընդահատական չի կարող լինել

«Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատական հարցադրմանը, թե «ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ նրանք Իվանիշվիլիից, «մի բան էլ ավել են», ուստի, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ իրենք, կարող են առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

«Ես առանձնապես մեսիջներ չտեսա, որովհետև սովորաբար մեսիջներ են լինում այն պահին, երբ ելույթը ծրագրային է լինում, այն ինչի մասին խոսվեց, ամեն օր ԱԺ-ում մենք էլ ենք խոսում, ընդդիմությունն էլ է խոսում, նորություն չկար: Մարտի մեկ էր, պիտի զանգվածին մի բան ասեին, բայց իրենք պատրաստ չէին ինչ-որ բան ասելու»,- նշեց Գ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե ՀՀ առաջին նախագահը Գ. Ծառուկյանի մասին իր ելույթի ենթատեքստում, ըստ էության, ընդդիմության առաջնորդ հռչակեց հենց ԲՀԿ առաջնորդին, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Ես վաղուց եմ նկատել, որ ընդդիմության մեջ պայքար կա՝ ով է ավելի լավը, ով է ավելի արմատական: ՀԱԿ-ը օգտվում է ԲՀԿ-ի կապիտալից, բայց մոռանում են, որ այդ կապիտալը անընդահատական չի կարող լինել, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է իր կապիտալը ստեղծում: Չեմ ուզում այստեղ խորը գնահատականների արժանի մի բան գտնել. ժողովուրդ են, պիտի հավաքվեն, մի բան ասեն, խոսք էր, որը անընդհատ կրկնվում էր»:

Կարդացեք նաև

Միաժամանակ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ եթե նույնիսկ ՀԱԿ-ն անուղղակիորեն Գագիկ Ծառուկյանին առաջարկում է դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ, ապա Գ. Ծառուկյանը դժվար թե նման ցանկություն ունենա: «Գագիկ Ծառուկյանը համենայնդեպս նման միտումներ չի դրսևորում այսքան ժամանակ, և հետո, եթե նա ուզենար կոշտ ընդդիմություն լինել, ինքը կաներ դա, ինքը կհայտարարեր այդ մասին, ու չեմ կարծում, որ այլ քաղաքական ուժերի հետ միանալով դա կաներ»,- նշեց նա:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե ՀԱԿ կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում 25 000 մարդ կար: Մեր հարցին՝ արդյոք Ձեզ չի անհանգստացնո՞ւմ այն հանգամանքը, որ այդքան մարդ դժգոհ է իշխանություններից, Գալուստ Սահակյանը զարմանքով պատասխանեց. «Էդ որտե՞ղ էր 20 000 մարդ հավաքվել, նույնիսկ եթե այդքան էլ լիներ մեծ իմաստներ չունեցող հանրահավաքներ… ո՞ւր էր 20 000 մարդ, էդքան ուզում են՝ թող թիվը մեծացնեն, ասեն՝ 50 հազար: Մի 4-5 հազար մարդ էր»:

Ճշտմանը՝ որտեղի՞ց իմացաք, որ 4-5 հազար մարդ էր հավաքվել, Գ. Սահակյանն ասաց, թե կա հաշվման հատուկ մեթոդ. «20 000 մարդ չէր կարող լինել…»:

Հակադարձելով հանրահավաքի ժամանակ հնչած այն տեսակետին, թե Սերժ Սարգսյանը մենակ է, նախագահի կողքին չեն անգամ շատ գործարարներ, պետական ապարատի աշխատակիցներ, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Նախագահի կողքին շատերը կան, բացի դրանից՝ մեր թիմն այնքան ամուր է, այնքան մեծածավալ, որ կողքերը լինելու կամ չլինելու խնդիր էլ չունենք: Դե, ժողովրդի համար ասված բան է, ադրբեջանցիներն էլ ասում են, թե պատերազմ են հայտարարելու՝ հավատա՞նք: Դրանք անհեթեթ խոսակցություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս