Ռուբեն Եգանյան. Մոտ 70 հազար մարդ գտնվելով Ռուսաստանում՝ խախտել է միգրացիոն օրենսդրությունը (տեսանյութ)
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումն ուղղված է հօգուտ Ռուսաստանի տնտեսական և ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Ինչպիսի՞ անդրադարձ կունենա այդ որոշումը Հայաստանի վրա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն ասաց, որ այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան մոտակա 3-5 տարիների ընթացքում արգելափակված է: «Բացի այդ, մոտ 70 հազար մարդ գտնվելով Ռուսաստանում՝ խախտել է միգրացիոն օրենսդրությունը: Եվ երբ նրանք հայտնվեն որոշակի մարմինների տեսադաշտում, ապա նրանց մուտքը նույնպես 3-5 տարիներով կարգելափակվի դեպի Ռուսաստան: Մոտավորապես 220 հազար մարդու համար մենք խնդիր ենք ունենալու: Այդ մարդիկ գալու են Հայաստան և չեն կարողանալու վերադառնալ Ռուսաստան` աշխատելու համար»,- ասաց նա:
Համաձայն Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության ենթարկված որոշման՝ ցանկացած մարդ, ով մուտք է գործում տվյալ երկիր՝ որպես փախստական, կարող է մնալ երեք ամիս: Այս ժամանակահատվածում, եթե փախստականը չի գտնում որևէ օրինական աշխատանք, ապա պետք է վերադառնա իր երկիր, և երեք ամիս հետո միայն նույն անձը կարող է կրկին վերադառնալ:
Իսկ եթե փախստականն ունի աշխատանք, ապա այն պետք է լինի օրինական ձևով ձևակերպված. վերջինս պետք է ունենա աշխատանքային պայմանագիր, որի ժամկետներում` անկախ դրա տևողությունից, փախստականը կարող է մնալ Ռուսաստանում: Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը նշում է, որ հայերի միգրացիայի դեպքում խնդիրը նրանում է, որ աշխատանքային փախստականների մեծ մասն աշխատում է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա. «Իսկ մյուս կողմից՝ գործատուն արդյոք կգնա՞ իր հետ պայմանագրային հիմունքներով գործունեության, թե՞ ոչ»: Իսկ պայմանագրային հիմունքների դեպքում գործատուն արտաքին աշխատուժի օգտագործման համար պետք է կատարի բավականին բարձր վճարումներ:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ասաց, որ հայերը հիվանդ մարդու պես խոցելի են ցանկացած փոփոխությունների դեպքում: Նրա հավաստմամբ` հայերն այսօր արտագաղթում են ոչ միայն սոցիալական պայմանների, այլև` բարոյական խնդիրների պատճառով. «Երիտասարդը, որը 20 տարեկան է, ինքնահաստատման ասպարեզ է ուզում, ընտանիք կազմելու պայմաններ է ցանկանում: Այդ բոլորի համար մենք պայմաններ ստեղծե՞լ ենք»:
Ռուբեն Եգանյանը, խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը Հայաստանին սիրաշահո՞ւմ է, պատասխանեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց գործընկերությունը Ռուսաստանը մի ձևով է հասկանում, իսկ մենք՝ մի ուրիշ ձևով: Ռուսաստանն էլի ասում է՝ մենք ձեր ռազմավարական ընկերն ենք, բայց ձեր երկրի կեսից ավելին իմն է: Եկեք մի բան հասկանանք՝ մեր անկախությունը միֆ է, առասպել: …Մեր այն զարգացման ուղին, որն ընտրել ենք՝ առաջին իսկ պահից սխալ է եղել: Եվ այդ սխալը գնալով խորացել է: Այսօր մեզ մոտ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովրդի շահերը և էլիտայի շահերը տրամագծորեն իրար հակադարձ են: Նման պայմաններում խոսել միասնականության մասին` առնվազն կոռեկտ չէ»:



