Միմոզայի «թագուհին»
Բուժիչ նամակներ
Պատկառուկի գիտական անվանումն է` Mimosa pudica։ Բույսի հայրենիքն Աֆրիկայի և Ավստրալիայի արևադարձային գոտիներն են։ 19-րդ դարում սկզբում սկսել են մշակել Եվրոպայում։ 20-րդ դարի սկզբից պատկառուկը սկսեցին. համարել գարնան խորհրդանիշ, քանի որ այն սկսում է ծաղկել փետրվարի սկզբին չէ՞ որ բույսի հայրենիքում այդ ժամանակ ամառ է։ Պատկառուկը և նիվենու որոշ տեսակներ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտիներում շարունակում են «ապրել» նույն ժամանակացույցով։
Պատկառուկ ամաչկոտը պատկանում է լոբազգիների ընտանիքին, ակացիաների ցեղին։
Ակացիա արծաթավունը (A. dealbata) նույն միմոզա ամաչկոտն է։ Իր հայրենիքում այն մինչև 30 մ բարձրություն և 20-30 սմ բնի տրամագիծ ունեցող ծառ է (հազվադեպ` թուփ)։ Աճում է գետերի ափին, նիվենու անտառներում, կյանքի տևողությունը 30-40 տարի է։
Բույսի տերևները բարդ են, տերևիկները նստադիր-հերթադիր են, նշտարաձև, բարակ երկարավուն, բազմերանգ` բաց երկնագույնից` մինչև արծաթավուն։
Պատկառուկ ամաչկոտի տերևիկներն անձրևի առաջին կաթիլների ընկնելուն պես սկսում են զույգ առ զույգ կպնել իրար. Դա բույսի գենետիկորեն ծրագրված պաշտպանական ռեակցիան է հորդառատ արևադարձային անձրևների դեմ։ Երբ բոլոր տերևիկները ծալվում են, դրանք ուղղվում են դեպի վեր, իսկ տերևի կոթունը կիպ կպնում է փշոտ (acacia=akis=սուր) բնին։
Հուրանավոր ծաղկաբույլերը բաղկացած են բազմաթիվ մանր ծաղիկներից, որոնք հավաքված են փոքրիկ գնդիկների մեջ։ Ծաղիկներին ոսկեգույն երանգ են հաղորդում բազմաթիվ դեղնավուն առէջքները։
Միմոզայի փառատոնը
Տարիներ առաջ մեզ հրավիրեցին Սուխում` հարսանիքի։ Դա Տրնդեզի տոնից մի քանի օր առաջ էր։ Խնջույքը կազմակերպված էր արծաթավուն ակացիաներով շրջապատված ընդարձակ տաղավարում։
Փետրվար-մարտ ամիսներին միմոզայի ծաղկման շրջանն է. ճյուղերը պարզապես ճկվում էին ծաղկաբույլերի առատությունից։
Միմոզաներով պատված շավիղները կարծես դեպի Արևը տանող արահետներ լինեին։
Տարեց տեղաբնակները պատմում էին, որ դեռևս ցարական ժամանակներում միմոզան մշակվում էր դեկորատիվ և ծաղիկները կտրելու նպատակով, դրանք վաճառվում էին Մոսկվայում և Պետերբուրգում։
«Кружит головы мимоза» հրաշալի երգի մեղեդին ուղեկցում էր մեզ ամենուր։ Այս կողմերում կարծում են, որ միմոզայի եթերային յուղի բուրմունքը նպաստում է սիրահարվածների զգացմունքների ամրապնդմանը.
– Միմոզան հիշեցնում է մարդու ապրած լավագույն օրերը,- ասաց հարսնացուի մայրը։
Յուրաքանչյուր տարի փետրվարի սկզբին Ֆրանսիայում նշում են ձմռան վերջը։ Տոնն ունի հազարամյակների պատմություն, իսկ 20-րդ դարի սկզբին փոքր Սան-Ռաֆայել քաղաքում սկսել են կազմակերպել «ծաղիկներով» երթեր, որը տարածվել է նաև այլ բնակավայրեր։ Այդ օրերին կազմակերպվում են դիմակահանդեսներ, տոնավաճառներ, պարահանդեսներ, որոնք անցնում են միմոզայի նշանի տակ։
Տոնախմբությունների վերջում բացահայտվում է ամենահմայիչ աղջիկը` «Միմոզայի թագուհին»։
Պատկառուկի բուժիչ հատկությունները
Պարզվում է, որ գարնան, լույսի, արևի ջերմության և սիրո խորհրդանիշ համեստ ծաղիկը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի բուժիչ հատկություններ։ Պատկառուկի ծաղկից և տերևից պատրաստում են յուղ, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։
Պատկառուկի յուղ. Ապակյա տարայի ծավալի կեսը լցրեք բույսի մանրացրած տերևով և ծաղիկով, իսկ մնացածը լրացրեք չզտված բուսայուղով (արևածաղկի կամ ձիթապտղի)։ Տարան ծածկեք 4-6 տակ ծալած թանզիֆով և ամրացրեք այն։ 21 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար խառնեք, քամեք։ Հումքի նստվածքը լցրեք գոլ բուսայուղի մեջ և 20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (առանց եռացնելու), թրմեք 1 ժամ` փակ կափարիչի տակ, քամեք։ Խառնեք 1-ին և 2-րդ յուղամզվածքները։ Յուղը շատ համեղ է, կերեք 1-2 ճ/գ` նախաճաշի ժամանակ, շիլայի հետ կամ համեմեք աղցանները։
Կա ավելի պարզ եղանակ. Խառնեք պատկառուկի հումքը և բուսայուղը` վերոգրյալ հարաբերությամբ, տարան կիպ փակեք, 1 ամիս թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք, քամելու կարիք չկա։
Պատկառուկի յուղն անվտանգ է` չի պարունակում թունավոր նյութեր։
Յուղը մաքրում է արյունը, ունի ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն, օգտակար է լյարդին, լեղապարկին և միզապարկին, կարգավորում է դաշտանի պարբերությունը։
Յուղը բուժում է վերքերը, սնուցում և թարմացնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները և սպիները։ Յուղն ունի գեղեցկացնող հատկություն և պարգևում է լավ տրամադրություն։
Հոդացավ. Պատկառուկի ծաղիկները 1 ամիս թրմեք օղու մեջ (1։2 ծավալային հարաբերությամբ), քամեք։ Ներմերսեք մաշկին` առավոտյան և երեկոյան։
Անգինա. 2 ճ/գ պատկառուկի մատղաշ ճյուղ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե մարմանդաեփ արեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Կատարեք ողողում գոլ եփուկով։
Քնաբեր. 1 ճ/գ պատկառուկի յուղի մեջ լուծեք 5 կաթիլ նարդոսի և 3 կաթիլ մեխակի եթերային յուղեր, խառնեք լոգանքի ջրին (տևողությունը 15-20 րոպե, ջերմաստիճանը` 36-38C)։