Տաճատ Սարգսյանն իրեն հռչակել է ՀԿԿ առաջին քարտուղար
Փետրվարի 23-ին Հայաստանի վետերանների տանը տեղի է ունեցել Հայաստանի Կոմկուսի հերթական պլենումը, որի ժամանակ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Տաճատ Սարգսյանը: Բայց թե ինչպես է ընթացել Սարգսյանի «ընտրությունը», պատմում են ՀՀԿ պլենումի անդամները: Նրանք սարսափած են այն «խայտառակությունից, որն աննախադեպ է Կոմկուսի պատմության մեջ, և այն պետք է բնութագրել` որպես Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնի բռնազավթում»: Բայց մինչ պլենումում տեղի ունեցածի մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ Կոմկուսի կենտկոմի նախորդ պլենումը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին, որի ժամանակ հրաժարական էր ներկայացրել կուսակցության երկարամյա ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
Պլենումն ընդունել էր Թովմասյանի հրաժարականը և ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնակատար նշանակել Տաճատ Սարգսյանին, ով մինչ այդ Կենտկոմի երկրորդ քարտուղարն էր: Պլենումում որոշվել էր Կենտկոմի առաջին քարտուղարի ընտրությանն անդրադառնալ կուսակցության հաջորդ համագումարի ժամանակ` 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին: Ի՞նչ է տեղի ունեցել այս կուսակցական հավաքի ժամանակ, և ինչո՞ւ է ժամանակավոր պաշտոնակատարը փորձել առաջ ընկնել համագումարից: Այս հարցերի մասին է մեր զրույցը Կոմկուսի պլենումի անդամ Աշոտ Պապյանի հետ:
– Ինչո՞ւ պլենումը դեմ գնաց իր նախորդ որոշմանը և որոշեց առաջին քարտուղարի ընտրության հարցը լուծել մինչև նոր համագումար:
– Ուզում եմ հենց սկզբից ասել, որ պլենումի օրակարգում առաջին քարտուղարի ընտրության հարց չի եղել. եղել է երկու հարց` սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծություն, որը ներկայացրել է առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը, և ՀԿԿ 30-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցի քննարկում: Քանի որ պլենումը քննարկելու էր համագումարի նախապատրաստության հետ կապված հարցեր, ես առաջարկեցի, որ պլենումին մասնակցեն նաև շրջկոմների առաջին քարտուղարները, սակայն Սարգսյանն առանց հիմնավորման մերժեց այս առաջարկը` հրաժարվելով իմ առաջարկը դնել քվեարկության: Նա, ըստ էության, միանձնյա հաստատեց օրակարգը և անցավ այդ հարցերի քննարկմանը:
– Բայց եթե օրակարգում չի եղել կազմակերպչական հարցերի քննարկում, ինչպե՞ս տեղի ունեցավ Սարգսյանի ընտրությունը:
– Երբ օրակարգի երկու հարցերի քննարկումն ավարտվեց, Տաճատ Սարգսյանը վերցրեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես ուզում եմ լինել առաջին քարտուղար, ովքե՞ր են համաձայն»: Եվ առանց սպասելու, որ որևէ մեկը կքվեարկի կամ ինչ-որ բան կասի` ավելացրեց. «Առաջարկն ընդունված է, անցավ միաձայն»: Ես վեր կացա և ասացի` ընկերներ, մենք կոպիտ կանոնադրական խախտում ենք անում, եթե ընկեր Սարգսյանն ուզում է առաջին քարտուղարի հարցը դրվի քննարկման, եկեք օրակարգում ավելացնենք «Կազմակերպչական հարցեր» հոդվածը և հարցը դնենք քննարկման:
Բայց նրա մի քանի կողմնակիցներ վեր կացան տեղերից, և սկսվեց ձեռնամարտ, հրմշտոց, նախագահությունում նստած Բյուրոյի անդամներն անակնկալի եկած` ուղղակի դուրս փախան դահլիճից, քանի որ անհնար էր հանգիստ նայել, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարող եմ մի բան ասել, որ Բյուրոյի 11 անդամներից ձեռք էր բարձրացրել միայն երեքը, դահլիճում նստած պլենումի անդամներից` երևի մի 10-15 հոգի:
– Նման դեպքերում ստեղծվում է հաշվիչ հանձնաժողով, ով էլ զբաղվում է ձայների հաշվմամբ: Կա՞ր նման հանձնաժողով:
– Ոչ, հաշվիչ հանձնաժողով չկար, որովհետև օրակարգում կազմակերպչական հարցեր չկային, միայն նման հարցի առկայության դեպքում է ձևավորվում հաշվիչ հանձնաժողով: Ձայների հաշվում ընդհանրապես տեղի չի ունեցել, Սարգսյանը միանգամից հայտարարեց, որ ինքն ընտրվել է միաձայն, ու վերջ:
– Իսկ այլ թեկնածություններ չառաջադրվեցի՞ն:
– Գիտեք, այդ ամեն ինչը տեղի է ունեցել մի քանի վայրկյանում, բոլորի համար անսպասելի էր: Պատկերացրեք` ինքն իրեն հայտարարեց առաջին քարտուղար, և դահլիճում նստած մի քանի հոգի, ովքեր մինչ այդ նրա քննադատներն էին, բայց չգիտես ինչի ազդեցության տակ` անցել էին նրա կողմը, ոտքի կանգնեցին ու սկսեցին գոռալ. «Անցավ միաձայն, անցավ միաձայն»: Մյուսներն այնպիսի շոկի մեջ էին, որ ուզում էին մի րոպե առաջ լքել այդ խայտառակության դահլիճը, ներկա չլինել այդ խայտառակությանը: Կոմկուսի պլենումի անդամների մեծ մասը պատկառելի տարիքի անձինք են, կյանքում շատ բան տեսած, ապրած, բայց նման բան որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել:
– Պլենումը որոշե՞ց համագումարի անցկացման օրը:
– Կոնկրետ օր չորոշվեց, բայց որոշվեց, որ այս ընթացքում պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ, կոնֆերանսներ, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն կկազմակերպվի համագումար:
– Իսկ ինչո՞ւ էր Սարգսյանը խուսափում օրինական ընտրություններ կազմակերպելուց, կամ ինչո՞ւ չսպասեց մինչև համագումար:
– Շատ պարզ. նա գիտեր, որ Պլենումը և, առավել ևս, համագումարն իրեն առաջին քարտուղար չի ընտրելու, ինքը կարող է լինել միայն ինքնակոչ քարտուղար: Բոլոր կոմունիստները գիտեն, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին նա համագործակցել է այդ իշխանության հետ: Լինելով ԳԽ պատգամավոր` 1992թ. դեմ է քվեարկել սեփականաշնորհման գործընթացը դադարեցնելու մասին օրենքի նախագծին, որի օգտին էր քվարկել կոմունիստական ֆրակցիայի պատգամավորների մեծ մասը, դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնմանն ավելի մեծ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին օրենքի նախագծին, և, որ ամենախայտառակն է. նա Գյումրիի Թատերական հրապարակում կազմակերպված ՀՀՇ նախընտրական հանրահավաքի ժամանակ հրապարակային պատռել է իր կուստոմսի միջուկը: Հիմա նրա կուստոմսի մեջ փակցված է սովորական տետրակի թուղթ, վրան գրիչով սյունակներ արված և ինչ-որ անհասկանալի կնիքներով կնքված:
Ես անձամբ եմ տեսել նրա պատռված կուստոմսը և բացատրություն պահանջել նրանից: Եթե մի կոմունիստ պատռել է իր կուստոմսը, որպեսզի ցույց տա իր հավատարմությունն իշխանությանը, ինչպե՞ս նա կարող է դառնալ կուսակցության առաջին դեմք: Մեր կուսակցության պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ իրենց կուսակցական պատկանելությունից չհրաժարվելու դիմաց հրաժարվել են կյանքից, ինչպե՞ս կարող է նման կուսակցության ղեկավար ընտրվել հավատափոխը:
– Դուք անընդհատ կրկնում եք, որ նա ինքնակոչ է. եթե նա մերժված է կուսակցության կողմից, եթե կուսակցականների մեծամասնությունն իսկապես համամիտ է ձեզ հետ, ինչո՞ւ չեք փորձում կազմակերպել նոր պլենում կամ արտահերթ համագումար և քննարկել փետրվարի 23-ին տեղի ունեցածը:
– Ես արդեն դիմել եմ մեր կուսակցական ընկերներին, և հիմա էլ եմ ուզում դիմել, որ մենք պետք է համախմբվենք, անհապաղ կազմակերպենք կուսակցական կոնֆերանսներ և անվստահություն հայտնենք ինքնակոչ Տաճատ Սարգսյանին:
– Ինչո՞ւ չեք ուզում հարցին իրավական լուծում տալ. չէ՞ որ խախտվել է կուսակցության կանոնադրությունը:
– Դա էլ կարելի է անել, բայց ես համոզված եմ, որ հարցը կարելի է և հնարավոր է լուծել մեր կուսակցականների միջոցով, մեր կուսակցության կանոնադրության շրջանակներում: Եթե դա չստացվի, նոր միայն կդիմենք իրավական լուծման:
Մենք զրուցեցինք նաև ՀՀԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ: Մեր այն հարցին, թե ինքը մասնակցե՞լ է քվարկությանը և ընդհանրապես տեսե՞լ է քվարկություն պլենումի ժամանակ, նա խիստ ընկճված ձայնով պատասխանեց. «Ճիշտն ասած` չեմ տեսել, քանի որ ես այդ ժամանակ դուրս էի գալիս դահլիճից»: Թե ինչու կուսակցության բյուրոյի անդամը պետք է կուսակցության առաջին քարտուղարի ընտրության ժամանակ դուրս գա դալիճից և անգամ չտեսնի՝ եղե՞լ է քվեարկություն, պարզ է` առանց ավելորդ բացատրության:
ՀՀԿ պլենումի այլ անդամներ ևս հաստատեցին, որ ընտրություն չի եղել, բայց հրաժարվեցին խոսել դրա մասին` ասելով, որ իրենք այդ հարցը բարձրացնելու են կուսակցական կոնֆերանսների ժամանակ: