Ուկրաինայի կառավարությունն անցում է կատարում բյուջետային միջոցների խստագույն տնտեսման ռեժիմի. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունն անցում է կատարում բյուջետային միջոցների խստագույն տնտեսման ռեժիմի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.
«Ոչ մի պետական մեքենա, ոչ մի պետական արտոնություն ու առավելություն, ոչ մի բյուջետային ծախս նախարարների վրա: Պետք է լինի միայն բյուջետային միջոցների խստագույն տնտեսում»:
Անդրադառնալով Ղրիմի դեպքերին` Յացենյուկը հայտարարել է, որ այնտեղ ռուս զինվորականների ներկայությունը սադրանք է, որին իրենք տուրք չեն տա. «Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հանդիսանում է ուղիղ հարված հենց իրենց` ղրիմցիներին, քանի որ խաթարվում է թերակղզու հեղինակությունը որպես լավագույն հանգստավայրերից մեկը:
Մենք հասկանում ենք, որ Սոչիից (Օլիմպիական խաղերից) հետո, որը Ռուսաստանի համար արժեցավ 48 միլիարդ դոլար, հյուրանոցներն ու հանգստավայրերը դատարկ են լինելու: Դրանով իսկ փորձ է արվում զբոսաշրջիկներին Ղրիմից ուղղել դեպի Սոչի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ուկրաինացի պատգամավորներն իրենց զրկել են արտոնություններից: