
Յանուկովիչը լքել է Կիևը. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ լքել է Կիև և ժամանել է Խարկով: Այս տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկը: Չնայած դրան` Խարկովի օդանավակայանում հերքում են դա` պնդելով, թե Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք չի կատարել իրենց մոտ:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, Յանուկովիչի Խարկով ժամանելու մասին Վաշինգտոնին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Նա հավելել է, որ Կոժարայի խոսքերով` Յանուկովիչը Խարկովում մասնակցելու է ինչ-որ հանդիպման:
Ամերիկացի չինովնիկը հերքել է այն կարծիքը, թե նախագահը փախել է Կիևից: Նշվում է, որ այսօր Խարկովում տեղի է ունենալու Հարավ-արևելյան մարզերի, Ղրիմի ու Սևաստոպոլի բոլոր մակարդակների պատգամավորների համագումարը: Համագումարի օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն ընդդիմությունում մտավախություն ունեն, որ հնարավոր է` դրանում քննարկվեն անջատողական սցենարներ: