Բանակցությունները ոչ մի բանի էլ չեն հանգեցնի, թեև դեմ չեմ դրանց անցկացմանը. Ալի Խամենեի
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին լավատեսորեն տրամադրված չէ միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի հանդեպ.
«Ես լավատեսորեն տրամադրված չեմ միջուկային բանակցությունների նկատմամբ, սակայն չեմ էլ հակազդում դրանց: Ոմանք կարծում են, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կլուծեն բոլոր հարցերը:
Սակայն ես դրականորեն տրամադրված չեմ այդ բանակցությունների հանդեպ և այդ մասին արտահայտվել եմ ավելի վաղ: Բանակցությունները ոչ մի բանի էլ չեն հանգեցնի, թեև ես դեմ չեմ դրանց»:
Խամենեին կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է արևմտյան երկրների համար. «Անգամ եթե լուծվի միջուկային հարցը, նրանք կսկսեն փնտրել նոր խնդիրներ»:
Նշվում է, որ իրանցի բանագնացների պատվիրակությունն արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ այսօր ժամանել է Վիեննա, ուր վաղը մեկնարկելու են Իրանի ու «Վեցյակի» միջև եռօրյա բանակցությունները: