Բաժիններ՝

«Նիմֆոմանուհին» պոռնոգրաֆիկ ֆիլմ չէ

Կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերի վերջին՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմը հայաստանյան հանդիսատեսը չկարողացավ տեսնել: «Սինեմա Սթար» կինոթատրոնը, հաշվի առնելով «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ», անհարկի շահարկումներից խուսափելու համար որոշեց չցուցադրել այն:

Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ և հասարակական խմբեր ֆիլմի ցուցադրման դեմ բողոք-աղմուկ էին բարձրացրել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում՝ պատճառաբանությամբ, թե ֆիլմը  հարիր չէ հայի նկարագրին:  Ոմանք այդ ֆիլմը բնորոշել էին՝ որպես պոռնոգրաֆիկ ֆիլմ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կինոգետ Զավեն Բոյաջյանն ասաց, որ ֆիլմը բոլորովին էլ պոռնոգրաֆիկ չէ.

film«Ֆիլմը Լարս ֆոն Տրիերի վերջին աշխատանքն է, որը Բեռլինի միջազգային ֆիլմի փառատոնի հիթերից մեկն է  և ցուցադրվում է եվրոպական մի շարք երկրներում: Ես դեմ եմ ընդհանրապես էն երևույթին, որ որևէ ֆիլմ ինչ-որ ստահոդ պատճառաբանություններով կարող է արգելվել, որովհետև դրա մեջ տեսնում եմ վտանգավոր նախադեպ, երբ մասնավոր անձինք կամ կազմակերպություններ կարող են որոշել և տնօրինել, թե ես ինչ պիտի նայեմ, ինչ պիտի կարդամ, ինչ պիտի լսեմ»:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը պնդում է, որ այս ֆիլմը պոռնոգրաֆիկ ֆիլմ չէ, մինչդեռ բլոգեր Տիգրան Քոչարյանն ասում է, որ ֆիլմը ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան կինոթատրոնների կողմից է ներկայացվում՝ որպես պոռնոդրամա:

Կարդացեք նաև

Ասուլիսի մյուս բանախոս, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն այս կապակցությամբ ասաց. «Սեքսը մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում: Երբ ֆիլմը նկարահանվում է զուտ, որ մարդուն գրգռեն, ոչ առողջ գրգռեն՝ դա պոռնոգրաֆիա է  կոչվում: Երբ սեքսը միջոց է՝ խոսելու շատ խորքային հոգեբանական խնդիրների մասին, ապա սա պոռնոգրաֆիա չէ»:

Ըստ «The Guardian»-ի` «Նիմֆոմանուհի» ֆիլմը մի կնոջ մասին է, ով պատանեկան տարիքից կախվածություն ունի սեքսից:  Այն խոր կերպով արտացոլում է այդ կնոջ խնդիրը, որից նա ոչ մի կերպ չի կարողանում ազատվել:  Ֆիլմի պոռնոգրաֆիկ լինելու բնույթը հերքել են ոչ միայն ֆիլմի դերասանները, այլև ֆիլմի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը: Ի դեպ, «Նիմֆոմանուհու» ցուցադրությունն արգելվել է նաև Ռումինիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս