Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայից գնել արագ գետանցման համար նախատեսված համակարգեր (տեսանյութ)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը թուրքական FNSS ընկերության հետ քննարկում է «Սամուր» պոնտոնային կամուրջների գնման հարցը, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի կողմից արագ գետանցման համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Յաղուբ Դաշդելենը:
Նրա խոսքերով՝ կամրջային այդ համակարգը ներկայումս կիրառվում է թուրքական բանակում, և ադրբեջանական պատվիրակությունը հետաքրքրություն է ցուցաբերել դրա նկատմամբ: Դաշդելենը չի բացառել, որ Թուրքիան կարող է այդ համակարգերը վաճառել Ադրբեջանին.
«Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է մի շարք համակարգեր. Otokar-ի զրահատեխնիկան, Roketsan-ի հրթիռային համակարգերը: Պլանավորված է Ադրբեջանում սկսել Roketsan-ի արտադրություն: Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև TAI ընկերության Т-129 ATAK ուղղաթիռի նկատմամբ»:
Դաշդելենը նաև ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության ժամանակ բարձրացվել է նավահանգիստների ու նավաշինարանների կառուցման հարցը. «Մենք պատրաստ ենք այդ հարցում օգնել Ադրբեջանին: Պետք է հստակեցնել, թե ինչպիսին են լինելու այդ նավաշինարանները՝ քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական» :
Անդրադառնալով այս տարի Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպվող ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին թուրքական ընկերությունների մասնակցությանը՝ Դաշդելենը հայտարարել է, որ դրանում իր մասնակցությունը հաստատել է 20 ընկերություն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի ցամաքային զորքերը համալրվել են Kunduz (թարգմանաբար՝ կուղբ) «երկկենցաղ» զրահատեխնիկայով: