Թուրքիայի ցամաքային զորքերը համալրվել են Kunduz «երկկենցաղ» զրահատեխնիկայով (տեսանյութեր)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են «երկկենցաղ» զրահատեխնիկա, որը ցամաքից բացի, ունակ է ընթանալ նաև ջրում: Այն ստացել է Kunduz (թարգմանաբար՝ կուղբ) անվանումը:
Kunduz-ի քաշը կազմում է 19.5 տոննա, ընթացքի պաշարը՝ 400 կիլոմետր: Այն ցամաքային զորքերի համար նախագծել են թուրք ինժեներները: Ջրում շարժվելու ունակության շնորհիվ վերանում է մեկ այլ փոխադրամիջոցի առկայության անհրաժեշտությունը: Ցամաքում Kunduz-ի արագությունը կազմում է 45 կմ/ժամ, իսկ ջրում՝ 8.6 կմ/ժամ:
Kunduz-ի երկարությունը կազմում է 6.2 մետր, լայնությունը՝ 3.3 մետր, բարձրությունը՝ 3.2 մետր, ջրում ընկղմվածությունը՝ 0.39 մետր, իսկ անձնակազմը բաղկացած է երկու մարդուց: Ընդգծվում է, որ այն մտնում է իր տեսակի ամենաժամանակակից միջոցների թվում աշխարհում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել էին զրահատեխնիկայի արագ գետանցմանը նպաստող փոխադրամիջոց՝ Samur, որի շնորհիվ էլ թուրքական բանակի համար այլևս խոչընդոտ չեն հանդիսանա խոշոր գետերը: