Կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը
Օրերս լուրեր տարածվեցին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ իր սահմաններին վերահսկողության ժամանակակից համակարգեր տեղադրել, և արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ: Ըստ որոշ փորձագետների, նույնիսկ հենց Թուրքիայում, Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և Ալիջանի սահմանակետի ճանապարհի կպրապատման ու ընդլայնման արդեն սկսված աշխատանքները կարող են վկայել սահմանի մոտալուտ վերաբացման մասին:
Մեկնաբանելով այս լուրերը՝ Հայ-թուրքական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությն նախագահ Արսեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բացարձակ ոչ մի դրական քայլ դրանում չի տեսնում, որովհետև ականազերծումը նաև միջազգային պարտավորությունների խնդիր է, քանի որ հարևան երկրներն իրավունք չունեն ականապատված պահել տարածքները: Նրա խոսքով՝ ականազերծում արվել է դեռ Խորհրդային միության տարիներից:
«Որևէ դրական փոփոխություն Թուրքիայի կողմից չեմ տեսնում՝ ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային և ո՛չ էլ քաղաքական ոլորտում»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա՝ հանձնաժողովն իր լոբբինգը շարունակում է իրականացնել, հայ և թուրք գործարարների միջև կապեր ստեղծել, քանի որ երկու շուկաները իրար հետ աշխատում են, անցած տարվա վերջին Կարսում գործարար ֆորում է կազմակերպվել, թուրքական ՀԿ-ների հետ կապը շարունակում են պահել, իսկ այս տարի մայիսին հանդիպում կլինի Երևանում,բայց դա էապես չի ազդում և չի կարող ազդել ՀՀ հանդեպ Թուրքիա պետության քաղաքականության վրա:
«Մայիսին նախատեսում ենք արդյունաբերողների և գործարարների կլոր սեղան-քննարկում, թե ինչ անենք, որ օգնենք տնտեսական կապերը զարգանան և նպաստեն վերջապես Թուրքիայի կողմից միակողմանի դիրքորոշումը փոփոխելուն»,- նշեց Ա.Ղազարյանը: