
Տղամարդը դրամական օգուտ ստանալով՝ նպաստել է իր ծանոթ 4 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

Դատարանում է Կոտայքի մարզի բնակչի դեմ հարուցված քրեական գործը: 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Աբովյան քաղաքի բնակչուհուն, նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհու պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո Աբովյան քաղաքի բնակչուհին ինքնասպանություն գործելու դիտավորությամբ վերադարձել է տուն, դանակով երկու անգամ հարվածել որովայնին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց և ստացել համապատասխան բուժօգնություն:
Բացի այդ, 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ դրամական օգուտ ստանալով՝ նպաստել է իր ծանոթ 4 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն և տնօրինել է իր կողմից բերված հաճախորդների հետ նրանց սեռական հարաբերություններ ունենալու դիմաց վճարված գումարների մի մասը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպառնալիքի ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Նա կալանավորված է: