Արտեմ Ասատրյանը հակադարձում է Գագիկ Ծառուկյանին
«Կենսաթոշակային բարեփոխումները մեկ արտահայտությամբ գնահատել և որակավորում տալ չի կարելի, անընդունելի եմ համարում»,- այսօր Ծաղկաձորում կենսաթոշակային բարեփոխումների սեմինար-քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ինքը կենաթոշակային բարեփոխումներից «անմարդկային և անարդյունավետ քայլ չի էլ պատկերացնում»։
Ըստ Ա.Ասատրյանի՝ նոր համակարգը լիովին լուծում է առկա խնդիրները, իսկ գնահատական տալու համար պետք է հասկանալ և լուծումները դիտարկել համալիր ձևով:
«Այս բարեփոխումներն այլընտրանք չունեն: Կենսաթոշակային բարեփոխումները ոչ թե պետք են, այլ անգամ ուշացած քայլ է»,- ասաց Ա.Ասատրյանը՝ հավելելով, որ այս բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն ներկայիս իշխանությանը, այլև հաջորդ իշխանությունների համար է:
Հարցին՝ արդյոք փոփոխությունների մշակմանը մասնակցած ԲՀԿ ներկայացուցիչները երբևէ դժգոհություն կամ մտահոգություն հայտնե՞լ են նոր համակարգի հետ կապված, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բան չի հիշում, իսկ օրենքի նախագիծը քննարկվել է կառավարությունում, ԱԺ-ում և կարելի է նայել արխիվային արձանագրությունները: