Մազերը միշտ չէ, որ գեղեցկացնում են…

Բուժիչ նամակներ

Անցանկալի մազակալումը միանշանակ ինչ-որ հիվանդության արդյունք է։ Տարբերում են մազերի` առաջնային և երկրորդական գերաճ և տարածում ողջ մարմնով` հիպերտրիխոզ, որը նկատվում է և տղամարդկանց, և կանանց մոտ, և գիրսուտիզմ, որը հանդիպում է միայն կանանց մոտ։

Առաջնային հիպերտրիխոզը բնածին և շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի դեպքում ամբողջ մարմնի վրա` բացի ոտնատակերից և ձեռքերի ափերից, աճում են անգույն բարակ մազեր։

Երկրորդական հիպերտրիխոզը կարող է զարգանալ վահանագեղձի ցածր ֆունկցիայի, օստեոմելիտի (ոսկորների բորբոքային հիվանդություն), տուբերկուլյոզի-, որոշ քսուքների երկարատև օգտագործման, կրկնվող տրավմաների կամ բորբոքումների հետևանքով։

Կարդացեք նաև

Հիպերտրիխոզի դեպքում պետք է հետևել նևրոպատոլոգի և էնդոկրինոլոգի խորհուրդներին, այլ ոչ թե դիմել ինքնաբուժության կամ կոսմետոլոգի օգնությանը։ Գեղարարական միջամտությունն ընդամենը վերացնում է հետևանքները, իսկ բուն պատճառները հիվանդության նորանոր սրացումներ են առաջացնում։

Հիպերտրիխոզի զարգացմանը նպաստում են մերսումը, պարաֆինի դիմակները, սկրաբների և ուլտրամանուշակագույն ճառագայթման կիրառումը, մեխանիկական և քիմիական ազդեցությունը մաշկի վրա։

Գիրսուտիզմի դեպքում աղվամազերը, որոնք միշտ աճում են կնոջ մարմնի վրա, կոշտանում են և մգանում։ Անցանկալի մազակալումը նկատվում է կրկնակզակի, պտուկների, ազդրերի ներքին մակերեսի վրա, քթից ներքև։

Կարևոր է իմանալ, որ այս երևույթն ունի ծագումնաբանական, տվյալ դեպքում` ռասայական բնույթ. Արևելքի կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում և համարվում է նորմալ երևույթ։

Անկախ ազգային պատկանելությունից, աշխարհի բոլոր կանանց մոտ գիրսուտիզմը զարգանում է սեռական հորմոնների գոյացման գործընթացի խանգարման հետևանքով։

Օրինակ` ձվարանի մեծացման դեպքում գրեթե միշտ ավելանում է արական հորմոնների գոյացումը, ինչի հետևանքով զարգանում է գիրսուտիզմը, նկատվում է քաշի ավելացում, առաջանում է անպտղություն։ Հիվանդությունն ավելի արտահայտված բնույթ է կրում ձվարանի ուռուցքի դեպքում։ Բուժումը կատարվում է հորմոնալ թերապիայի կիրառմամբ կամ վիրահատական միջամտության միջոցով։

Գիրսուտիզմը կարող է զարգանալ մակերիկամների հիպերֆունկցիայի հետևանքով` երբ բարձրանում է անդրոգենների գոյացումը։ Անդրոգեն սինդրոմի արտաքին հետևանքներն առավել արտահայտված են։ Բուժումը կատարվում է կորտիկոստերոիդ հորմոնների կիրառմամբ։ Եթե գիրսուտիզմը մակերիկամի ուռուցքի հետևանք է, ապա միակ ճիշտ լուծումը վիրահատական միջամտությունն է։

Գիրսուտիզմը զարգանում է նաև կենտրոնական նյարդային համակարգի ծանր հիվանդությունների, անաբոլիկ դեղամիջոցների կամ արական հորմոնների կիրառմամբ թերապիայի դեպքում։

Կարևոր է իմանալ։ Դաշտանադադարի շրջանում բոլոր կանանց մոտ նկատվում է անցանկալի մազերի գոյացում։ Դա օրգանիզմի բնական վերակառուցման հետևանք է։

Բուժումը կատարվում է արական հորմոնների գոյացման պատճառների հայտնաբերման և վերացման միջոցով։ Բուժումը երկարատև է` 3-6 ամիս, իսկ երբեմն` ավելի երկարատև։

Գիրսուտիզմի զարգացմանը նպաստող հանգամանքներն են գիրությունը, ոչ ճիշտ ընտրված` մաշկի խնամքի համար նախատեսված քսուքները։ Լանոլին, հորմոնալ և կենսաբանորեն ակտիվ նյութեր պարունակող սնուցող քսուքները չի կարելի քսել ծնոտի, կզակի վրա, քթի տակ։ Կոլլագեն և էլաստին պարունակող քսուքները թույլատրվում է օգտագործել միայն 40-ն անց կանանց։

Անկախ առաջացման պատճառներից, անցանկալի մազերը կարող են հոգեբանական ապրումների և նույնիսկ սթրեսի պատճառ դառնալ։ Որքան էլ որ խնդիրը բժշկական միջատության կարիք ունի, ցանկացած կին ձգտում է գոնե ժամանակավորապես ազատվել անցանկալի մազերից։

Զգուշացում։ Չի կարելի պոկել կամ սափրել մազերը։ Դրա փոխարեն` կարելի է 2-3 օրը մեկ անգամ մշակել դեմքի մազակալող հատվածները ջրածնի գերօքսիդով («պերեկիս»)։

Զգուշացում։ Գերօքսիդի հագեցվածության (5%-10%) և ազդեցության ժամանակի ընտրության համար խորհրդակցեք բժշկի հետ։

  • Մարմնի զգայուն մազերը կարելի է մշակել վայրի խաղողի մատղաշ ծիլերից ստացված հյութով։ Մշակովի խաղողի չհասունացած հատապտուղներից ստացված հյութով կարելի է մշակել միայն դեմքը։
  • Դեմքի վրա աճող մազերը կարելի է հեռացնել չհասունացած ընկույզի հյութով։ Կանաչ ընկույզը բաժանեք մասերի և արտազատված հյութը զգուշորեն քսեք կզակին և քթի տակ։
  • Ձմռանն այրեք ընկույզի կեղևը, լուծեք ջրի մեջ (1։10), քամեք։ Թրջոց դրեք և լվացվեք։ Լուծույթի ազդեցությունը համեմատաբար ավելի թույլ է, քան կանաչ ընկույզի հյութինը։
  • Նույն նպատակով մանրացրեք Մայրի սիբիրյանի ընկույզի կեղևը, լցրեք եռջրի մեջ (1։2), 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։
  • Մանրացրեք եղինջի սերմը, 2 շաբաթ թրմեք բուսայուղի մեջ (2։5), քամեք։ Մշակեք մաշկը։

Էպիլյացիա և բուսաբուժություն
Կիրառվում են անցանկալի մազերի հեռացման էլեկտրական և լազերային մեթոդները։ Էլեկտրական էպիլյացիան ավելի նախընտրելի է, քանի որ էլեկտրահաղորդիչ ասեղը տրոհում է մազարմատի «սոխուկը»: Էպիլյացիայից հետո Արևելքի կանայք օգտագործում են քրքումի փոշի. Հումքը խառնեք ջրի հետ` մինչև ստացվի մածուցիկ զանգված։ Քսեք դեմքին, ծածկեք սննդային թաղանթով, պահեք 10-15 րոպե։ Քրքումն ունի հակաբորբոքային ազդեցություն։

Մշակեք մաշկը հակինթի (գիացինտ) թարմ արմատի քերուկից ստացված հյութով։
ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Հ.Գ. Մինչև 20-րդ դարի վերջը համարվում էր, որ սխտորը նպաստում է արական հորմոնի գոյացմանը։ Վերջին տասնամյակում ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ նման ազդեցություն ունի սխտորի փոշին, իսկ թարմ սխտորն ունի տրամագծորեն հակառակ ազդեցություն։ Տես այստեղ.

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս