Անրի Ռենո. «Եվրամիության և Հայաստանի համագործակցությունը երբևիցե չի էլ դադարել»
Այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ սա երկար տարիներ և միանգամայն հրատապ արդիականություն ունեցող թեմա է, որի նախարմատները վեց տարի առաջ են դրվել, երբ ստորագրվեց Եվրամիության և վեց երկրների միջև Արևելյան համագործակցության ծրագիրը. «Սա բավականին հագեցած և բովանդակալից աշխատանք էր: Աշխատանք, որը ծավալվեց Եվրոմիության և Հայաստանի միջև, և որն իր երկարատև աշխատանքներից հետո տրամաբանական ավարտին հասցվեց 2013 թվականի գարնանը»:
Ըստ դեսպանի՝ չնայած 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը փոխեց իրադարձությունների իրավիճակը, սակայն, Եվրոմիության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ստեղծված հարաբերություններ զարգացնելը, խորացնելը շարունակում են մնալ հայաստանյան իշխանությունների օրակարգային կարևորագույն գերակա խնդիրներից: «Անցյալ տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց Եվրամիության և Հայաստանի համատեղ հայտարարությունը, որի նպատակն է շարունակել զարգացնել ստեղծված համագործակցությունը»,- ասաց Անրի Ռենոն:
Նա նշեց, որ հայտարարության մեջ հետագա համագործակցության գերակա ոլորտներից են՝ դատական համակարգը, մարդու իրավունքների հարցը, պայքարը կոռուպցիայի դեմ, քաղաքացիական հասարակության ուժեղացումը, ճյուղային համագործակցությունը: «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն երևույթի վրա, որ արդեն իսկ նշված ոլորտները իրենցից ներկայացնում են մի շատ մեծ, ընդարձակ շինհրապարակ, որը իրականցնելու համար տարիներ կպահանջվեն թե´ Եվրամիությունից, թե´ Հայաստանից: Այսինքն՝ անելիքները շատ են»:
Նա նշեց նաև, որ նկատի ունենալով այս վերջին իրադարձությունները՝ նշված փոփոխությունները կենսագործելու համար Եվրամիությունը և Հայաստանը որոշում են կայացրել նորից վերանայել իրենց համագործակցությունը. «Ահավասիկ, սա է այն խնդիրը, որի իրականցմանը պետք է ձգտեն Եվրամիությունը և Հայաստանի հանրապետությունը՝ նոր ոգի և շունչ հաղորդելու համար այն համագործակցությանը, որը երբևիցե չի էլ դադարել»:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին նաև «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, և այլք: