ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը` միայնության մեջ

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Նիստին մասնակցել է հանձնաժողովի 11 անդամներից 6-ը` ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանը, Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը, Արմեն Կարապետյանը և ՕԵԿ ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանը: Ընդդիմադիր երեք խմբակցությունները և ԲՀԿ-ն նախապես հայտարարել էին, որ բոյկոտելու են հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովում ներկայացված չեն լինելու:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստով ՀՀԿ-ն ռևանշի հասավ ոչ իշխանական խմբակցությունների նկատմմբ. Սուքիաս Ավետիսյանը վերընտրվեց հանձնաժողովի նախագահ, և այժմ ՀՀԿ-ն` իր արբանյակ ՕԵԿ-ի հետ, հանձնաժողովում ունի մեծամասնություն, ինչը չկար մինչև փետրվարի 3-ը:

Մինչև փետրվարի 3-ն ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում էր հետևյալ համամասնությամբ. ՀՀԿ-ն ներկայացնում էր երկու անդամ, իսկ մյուս հինգ խմբակցությունները` մեկական: Ստացվում էր, որ ՀՀԿ-ն` ՕԵԿ-ի հետ, ուներ` 3, իսկ ոչ իշխանական խմբակցությունները չորս ներկայացուցիչ: Չնայած ոչ իշխանական ուժերն ունեին մեծամասնություն, սակայն հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր, իսկ քարտուղարը` ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Իրերի այս դասավորությունը կպահպանվեր, եթե չլիներ 2013թ. դեկտեմբերի 23-ի քվեարկությունը:

2013թ. դեկտեմբերի 23-ին, երբ խորհրդարանում քվեարկության էր դրվելու «Գազային համաձայնագրերը», ոչ իշխանական ուժերը հայտարարեցին քվեարկությունը բոյկոտելու մասին: Քանի որ Զարուհի Փոստանջյանը վերցրել էր որոշ ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը, որոշվեց, որ քվեարկությունը կանցկացվի ոչ էլեկտրոնային տարբերակով, և ձայները կհաշվեն Հաշվիչ հանձնաժողովի անդամները: Սական հաշվիչ հանձնաժողովում ոչ իշխանական խմբակցությունների անդամները ևս միացան բոյկոտին, և ձայները հաշվեց հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ այդ քվեարկության արդյունքները չի կարելի հավաստի համարել, քանի որ Սուքիաս Ավետիսյանն իրավունք չուներ հանձնաժողովի անունից հայտարելու քվեարկության արդյունքները: Ավելի ուշ`դեկտեմբերի 26-ին, Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները նիստ գումարեցին և որոշեցին այդ խախտման համար Սուքիաս Ավետիսյանին պաշտոնանկ անել հանձնաժողովի նախագահի պաշտոնից և նրա փոխարեն ընտրեցին Լյուդմիլա Սարգսյանին:

Բնականաբար, ՀՀԿ-ական մեծամասնությունը չէր կարող հանդուրժել, որ խորհրդարանական որևէ մարմին վերահսկվի ընդդիմության կողմից. և հենց առաջին նիստում` փետրվարի 3-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց փոփոխություն կատարել հանձնաժողովի ձևավորման կարգում:

Ըստ առաջարկվող փոփոխության հանձնաժողովը նախկին 7-ի փոխարեն` ունենալու էր 11 անդամ, որոնցից 5-ին ներկայացնում է ՀՀԿ-ն, 2 անդամ ԲՀԿ-ն, և մեկական` մյուս չորս խմբակցությունները: Չնայած ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ այս կարգի ընդունման դեպքում իրենք կբոյկոտեն հանձնաժողովը և այնտեղ անդամներ չեն ուղարկի, միևնույն է, ՀՀԿ-ականներն ընդունեցին այդ փոփոխությունը:

Ի՞նչ է շահում ընդդիմությունը` բոյկոտելով այս հանձնաժողովի աշխատանքը, և արդյո՞ք իր այդ քայլով վնասում է խորհրդարանական մեծամասնությանը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ասում է, որ բոյկոտն իրենց աշխատանքին ընդհանրապես չի խանգարում:

«Բոյկոտը հանձնաժողովի գործունեությանն ընդհանրապես չի խանգարում, քանի որ կա քվորում: Դա ավելի շատ իրենց վնասն է, քանի որ հնարավորություն չեն ունենալու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- ասում է Սուքիաս Ավետիսյանը: Իսկ ինչո՞ւ ոչ իշխանական խմբակցությունները որոշեցին բոյկոտել հանձնաժողովի նիստը: Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ նրանք փորձում են իրենց այդ քայլով ընդդիմադիր երևալ. «Նրանք դա դիտավորյալ են անում, որ հետո մեզ մեղադրեն կեղծարարության մեջ: Դա իրենց սիրած զբաղմունքն է, թող զբաղվեն»:

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով մինչև դեկտեմբերի 26-ը հանձնաժողովի քարտուղարն էր, իսկ դրանից հետո մեկ ամսից մի փոքր ավելի՝ հանձնաժողովի նախագահը, ասում է, որ տեղի ունեցածն իր համար անակնկալ չէր: «Եթե իրենք ուզում են ամբողջովին վերահսկել այդ հանձնաժողովի գործունեությունը, եթե ուզում են ամեն տեղ մեծամասնություն ունենալ, կարող են ունենալ: Մենք ասել ենք, որ այդ դեպքում պատասխանատվություն չենք կրում հանձնաժողովի գործունեության համար և չենք մասնակցելու դրա աշխատանքներին»,- ասում է Սարգսյանը:

Եթե ԱԺ-ում տեղի ունենան փակ գաղտնի քվեարկություններ, որոնք կազմակերպում է Հաշվիչ հանձնաժողովը, ապա ընդդիմությունը` չունենալով անդամներ, այնտեղ չի կարողանա վերահսկել ընտրությունների ընթացքը:

Մեր հարցին, թե արդյոք նման վիճակը չի՞ մտահոգում ընդդիմությանը, ՀԱԿ խմբակցության անդամ պատգամավորը պատասխանում է. «Թող իրենց համար ընտրություններ կազմակերպեն, իրենք էլ հանգիստ հաշվեն և հրապարակեն այդ ընտրությունների արդյունքները, միևնույն է, իրենց հայտարարած արդյունքները որևէ մեկի համար արժանահավատ չեն կարող լինել: Նորից եմ կրկնում, մենք այլևս պատասխանատու չենք այդ հանձնաժողովի գոյության և գործունեության համար: Մենք նույն կերպ վարվեցինք նաև Էթիկայի հանձնաժողովի դեպքում: Երբ իրենք որոշեցին փոխել հարաբերակցությունն այնպես, որ մենք չկարողանանք որոշումներ անցկացնել, մենք էլ որոշեցինք բոյկոտել այդ հանձնաժողովի նիստը»:

Նույնիսկ ոչ իշխանական ուժերի մեջ կան մարդիկ, ովքեր համարում են, որ բոյկոտն աշխատանքի լավագույն ձևը չէ, բայց դրա մասին գերադասում են չարտահայտվել` մտածելով, որ այդ դեպքում կարող են մեղադրվել իշխանական պատվեր կատարելու մեջ: «Խորհրդարանում ՀՀԿ-ականները մեծամասնություն են և ցանկացած հարց որոշում են այնպես, ինչպես իրենց պետք է: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, պետք է բոյկոտենք խորհրդարանի գործունեությունն ընդհանրապես:

Բայց մենք մասնակցում ենք, քանի որ հնարավորություն ունենք յուրաքանչյուր քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացնել մեր կարծիքը, իսկ հասարակությունը կորոշի` մե՞նք ենք ճիշտ, թե՞ մեծամասնությունը: Խորհրդարանական ընդդիմության դերն է` այլընտրանք ներկայացնելը, և ոչ թե` բոյկոտելով նեղացածի դիրք ընդունելը»,- ասում է մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս