Բաժիններ՝

«Օլիգարխ» ՋՕԸ-ները

Մոտ 1.5 տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն էր իրականացրել մի քանի ջրօգտագործողների ընկերություններում՝ ՋՕԸ-ներում («Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ»), ու բազմաթիվ խախտումներ էր բացահայտել:

Բացի վարչական ու կանոնակարգային բացթողումներից, ՋՕԸ-ների պետերը նաև մի քանի միլիոն դրամի հասնող ֆինանսական չարաշհումներ էին թույլ տվել: Այդ բացահայտումների արդյունքում դրանց տնօրենները պատասխանատվության ենթարկվեցին, մինչև իսկ` հեռացվեցին աշխատանքից:

Այսինքն՝ ՋՕԸ-ների տնօրենի պաշտոնը ոչ բարեխիղճ աշխատողների համար բավականին եկամտաբեր է ու կարելի է այստեղ սուս-փուս, առանց մեծ աղմուկ հանելու` «ձեռքերը մի լավ տաքացնել»: Զուր չէ, որ ՋՕԸ-ների պետերի պաշտոնները հաճախ զբաղեցնում են իշխանավորների բարեհաճությունը վայելողները: Մեր տեղեկություններով՝ օրինակ, «Մասիսի» նախկին ՋՕԸ-ի պետ Սմբատ Սարիբեկյանը մինչև պաշտոնանկությունը գործում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «բարձր հովանու» ներքո:

Գյուղացիներից ոմանք մեզ հետ զրույցում ՋՕԸ-ների պետերին նմանեցնում էին տեղական «օլիգարխիկների» հետ՝ կամայական վարվելակերպով, որոնք բնության պարգևած ջրի միջոցով լուծում են անձնական խնդիրներ:
Հայաստանում գործում են ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), որոնք ջուր են մատակարարում 618 համայնքի մոտ 200 հազար ջրօգտագործողների:

Կարդացեք նաև

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված կառույցների ղեկավարները պետք է ընտրվեին համայնքների գյուղացիների կողմից, սակայն ընտրական մեխանիզմներն անտեսվեցին, և այժմ ՋՕԸ-ները վերածվել են մարզային կառույցների. «Մեր խորին համոզմամբ՝ դրանք ավելի շատ աշխատում են իրենց աշխատանքի, բարեկեցության, քան թե գյուղացու համար»:

Անցած տարի ամռանն Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր նոր առաջարկություններ ներկայացնել և բարեփոխել համակարգը: Ըստ Հ.Բերբերյանի՝ ՋՕԸ-ների հետ կապված գլխավոր խնդիրն այն է, որ չկա մրցակցություն. «Պետք է թույլ տան խոշոր կոոպերատիվները, համայնքները, ֆերմերային տնտեսություններն իրենք ստանձնեն պատասխանատվություն ու ջրառի հետ պայմանագիր կնքեն ու 11 դրամ ոռոգման ջրի սակագնի փոխարեն` վճարեն 4.5 դրամ:

Այս համակարգում կամայականությունները շատ են, պետք է այլընտրանքային մոտեցում լինի, մինչդեռ չինովնիկների մեջ կոմունիստական մտածելակերպը պահպանվում է»:

Որոշ ջրօգտագործողներ էլ ըմբռնումով են մոտենում ՋՕԸ-ների աշխատանքին: Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի ֆերմեր Վրեժ Եղիկյանի խոսքով` եթե ջուրը ժամանակին տալիս են, պետք է նաև օգտագործողը ժամանակին վճարի. «Իրենք էլ բանվոր են պահում, աշխատավարձ ու հարկ են տալիս: Եթե ամիսը լրանում է, բանվորը գալիս-ասում է` փողս տուր, գյուղացին որ ջրի փողը չտա, էդ բանվորին որտեղի՞ց պիտի աշխատավարձ տա: Մեր նման մարդ ա, 60 հազարով պետք է գնա ջուր անի, առու մաքրի, պիտի մենք տանք, որ ինքն էլ փողը ստանա»:

Ակնալիճ համայնքի ֆերմեր Անատոլի Սարգսյանը նույնիսկ վրդովվեց ու հայտարարեց, թե ՋՕԸ-ների պետերը գյուղերի օլիգարխները չեն. «Ի՞նչ օլիգարխ, ի՞նչ բանգ բոլոր գյուղացիներն էլ իրենց հախ-հաշիվն իմանում են, չի կարող տենց բան լինել, որ գյուղացու հաշվին օլիգարխ դառնան»: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը, մեր խնդրանքով գնահատելով ՋՕԸ-ների պետերի աշխատանքը, նշեց, որ ընդհանուր ոռոգման համակարգի տնօրենների աշխատանքի արդյունքում համակարգի գործունեությունը նորմալ է.

«Կան ՋՕԸ-ներ, որ անհամեմատ լավ են աշխատում, քան որոշները, որ այնքան էլ լավ չեն աշխատում: Այն ՋՕԸ-ի պետը, որ իր տարածքում խնդիրներ չի ստեղծել, տարին փակել է կրեդիտորական պարտքերի կրճատման, այլ ոչ թե ավելացման ուղղությամբ, այդ տնօրենը լավ է աշխատում: Այժմ ՋՕԸ-ների պետերի մոտ 50%-ից ավելին այդպիսին են»:

ՋՕԸ-ների տնօրեններին ջրօգտագործողները պետք է ընտրեն 3 տարին մեկ անգամ: Թեև ՋՕԸ-ները` որպես կառույց, ստեղծվել են 10 տարի առաջ, բայց այսօր համակարգում կան ղեկավարներ, որ պաշտոնավարում են արդեն շուրջ 30 տարի: Ա. Ղազարյանի խոսքով՝ այդպիսի «երկարակյացներից» համակարգում մնացել են 4 հոգի: Հարցին, թե ինչով կբացատրի նրանց պաշտոնավարման երկարատևությունը, ԾԻԳ-ի տնօրենը պատասխանեց. «Դա բացատրվում է նրանով, ինչով որ գյուղապետը 25 տարի գյուղապետ է»:

«Ես չեմ կարծում, որ ՋՕԸ-ների տնօրեններն օլիգարխիկ կարգավիճակ են ձեռք բերում գյուղում, չկա նման բան: ՋՕԸ-ների 90%-ը վնասներով է աշխատում, պետությունը սուբսիդավորում է նրանց: Ֆինանսական հսկողության դեպքում գուցե թերացումներ բացահայտվեն, բայց օլիգարխ չեն դառնա»,- ասաց Ա.Ղազարյանը:

ՋՕԸ-ներում ֆինանսական ստուգում կատարելու իրավասություն ունեն Ֆիննախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը և Վերահսկիչ պալատը, և միայն այն ՋՕԸ-ներում, որոնք սուբսիդիա են ստանում պետությունից: Իսկ եթե ՋԸՕ-ները պետության գումարները չեն ստանում, ստուգումն արգելված է ու թույլատրվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ՋՕԸ-ը վատ է կատարում իր պարտականությունները ու կա բողոք գյուղացիներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս