Սաակաշվիլին չի կարող միջամտել երկրի քաղաքական կյանքին. Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է պատասխան տալ օրենքի առջև՝ մեկնաբանելով օրեր առաջ հայտնված սկանդալային երկու տեսանյութերը, որոնցում Վանո Մերաբիշվիլին պահանջում է իրեն բերել երկու դիակ:
Իվանիշվիլին կոչ է արել չշտապել այդ հարցում՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինները ներկայումս հետաքննություն են անցկացնում այդ կապակցությամբ. «Եթե ապացուցվի Սաակաշվիլիի մեղավորությունը, ապա նա՝ որպես Վրաստանի սովորական քաղաքացի, պատասխան կտա օրենքի առաջ: Շատ հարցեր են կուտակվել, կան կասկածներ, սակայն թող այդ հարցը լուծեն արդարադատության մարմինները»:
Իվանիշվիլին մեկնաբանել է նաև Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ նա մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն: Իվանիշվիլիի խոսքերով՝ Սաակաշվիլին չի կարող միջամտել երկրի քաղաքական կյանքին, քանի որ հասկացել է, որ դա իր համար մեծապես շահավետ չէ.
«Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին չի կարող միջամտել քաղաքականությանը, նար արդեն իսկ հասկացել է, որ դա շահավետ չէ իր համար: Եթե նա ցանկանում է միջամտել, ապա ոչ ոչ չի խանգարում նրան: Սակայն նա չի կարող կանգ առնել: Ես չեմ պատկերացնում, թե նա ինչպես կարող է լինել պասսիվ»:
Իվանիշվիլին նաև իր գոհունակությունն է հայտնել վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի կառավարության կատարած աշխատանքի կապակցությամբ: Իվանիշվիլին, հիշեցնելով, որ արդեն 2-3 ամիս է, ինչ հեռացել է քաղաքականությունից, հայտարարել է, որ հպարտ է այդ ամիսներին կառավարության իրականացրած աշխատանքներից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին առաջին դասախոսություններն է կարդացել ամերիկյան համալսարանում: