Բաժիններ՝

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը կարող է ամիսներ տևել

2015թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո նոր դատավորի երեք թեկնածուի առաջադրումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից  հաստատումը և ԵԽ ԽՎ նիստերից մեկում  նրա ընտրությունը կարող է ամիսներ, ընդհուպ մինչև  կես տարի տևել: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Դա խնդիր չի առաջացնի, միևնույն է, Եվրոդատարանում գործերը շատ դանդաղ են քննվում»,- ասաց նա՝ չբացառելով, օրինակ, ՍԴ-ում աշխատաանքի անցնելու պատճառով ՀՀ ներկայացուցիչ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը.  մամուլում այս մասին  որոշակի ենթադրություններ շրջանառվել են:

Ա.Ղազարյանը նշել է, որ 2012թ. մարտի 29-ի Նախարարների կոմիտեի կողմից  մշակված  ուղեցուցային փաստաթղթում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի  թեկնածու ընտրելու մեխանիզմները: Ուղեցույցը պարտադրող չէ,  պարզապես  անդամ պետություններին  ուղղված դատավորի ընտրության կարգի առաջարկություններ են:

Հիմնական միտքն այն է, որ այլևս չի շեշտվում, որ թեկնածուն անպայման  դատական մարմնից կամ նախկին դատավոր պետք է լինի:

Արդեն իսկ  2010թ. որպես Եվրոպական դատարանում  Ուկրաինայի դատավոր ընտրվել է մի անձ, ով  փաստաբանների պալատի անդամ է եղել, աշխատել է նաև քաղաքացիական հասարակության սեկտորում՝  հասարակական  կազմակերպությունում,  երբեք դատավոր չի  աշխատել:

Դատավորին ներկայացվող հիմնական պահանջը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածից՝ «դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավաբաններ»:

Նախարարների կոմիտեն այս ուղեցուցային փաստաթղթում առաջարկում է նախ և առաջ դրա վրա ուշադրություն դարձնել: Մասնավորապես,  առաջարկվում է, որ դատավորի թեկնածուն ամենաքիչն ունենա մագիստրոսի աստիճան և պրակտիկ աշխատանքի փորձ:

Կարևորվում է գործընթացի հրապարակայնության, հնարավորինս թափանցիկության ու քիչ թե շատ հանրային վերահսկողության ապահովումը՝ հանրությունն պետք է իմանա, թե ովքեր են թեկնածուները   կամ ինչ մեխանիզմներով են ընտրվում:

Դատավորների պաշտոնավարման ժամկետները կարգավորվում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի թիվ 14-րդ արձանագրության 2010թ. փոփոխություններով, ըստ որի` անձը կարող է միայն մեկ անգամ դատավոր ընտրվել՝ 9 տարի ժամկետով՝ նախկինով  անձը կարող էր երկու անգամ ընտրվել՝ 6-ական տարի ժամանակով: Այդպես է եղել նաև Հայաստանի ներկայացուցիչ  Ալվինա Գյուլումյանի պարագայում՝ 2003թ. նա ընտրվել է ՄԻԵԴ դատավոր, իսկ  2009թ.՝ վերընտրվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս