Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ գերեվարված ծերունու նկատմամբ բռնություն է գործադրվել. «Ազատություն» (տեսանյութ)

Հայաստանյան իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Ադրբեջանում գերի ընկած հայ ծերունու նկատմամբ բռնություն է գործադրվել։  Մտահոգության առիթը երեկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որը տարածված է ինտերնետում։ Տեսանյութում ներկայացված է հարցազրույց 77-ամյա գերեվարված Մամիկոն Խոջոյանի հետ։ Նա պառկած է հիվանդասենյակում, թևը գիպսի մեջ է, հարցեր են տրվում հայերենով և Խոջոյանը պատասխանում է։ Ադրբեջաներեն թարգմանության պատճառով դժվարությամբ լսելի հայերենից հասկացվում է, որ ծերունին պատմում է, թե ինչպես է այգիներն անցնելով հատել սահմանը։

Իրավապաշտպանները հարցնում են՝ ծերունին ինչպե՞ս է ստացել ձեռքի կոտրվածքը. փաստ է, որ գերեվարման առաջին օրը ադրբեջանական կայքերի տարածած նկարներում նա ազատ տեղաշարժում է թևը, և որևէ վնասվածք տեսանելի չէ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու կայքերը հենց սկզբից շրջանառության մեջ դրեցին Խոջոյանի՝ դիվերսանտ լինելու, իբր դիվերսիայի փորձի ժամանակ վիրավորվելու վարկածը, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը լուրջ կասկածներ ունի, որ ծերունուն խոշտանգել են դիտավորյալ՝ ի սկզբանե տարածած պաշտոնական տեղեկատվությունը իբր հիմնավորելու համար։

«Չեմ բացառում, որ բեմադրությունը հասնում է, իրոք, նացիստական մեթոդների, չի բացառվում, որ իրեն վիրավորել են արդեն գերության մեջ։ Սա պարանոիա է ավելի շատ հիշեցնում, հոգեկան հիվանդության ծայրահեղ դրսևորում, քան պետական մարմնի, կամ պետության, քաղաքական էլիտայի բացատրելի վարք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Լարիսա Ալավերդյանը՝ «աննախադեպ» որակելով Մամիկոն Խոջոյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնելով, որ գերուն, առավել ևս հիվանդ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն հեռուստատեսությամբ ցուցադրելն արդեն իսկ Ժնևյան կոնվենցիայի խախտում է, նախկին օմբուդսմենը ընդգծեց, որ խնդիրն արդեն դուրս է եկել նույնիսկ այդ շրջանակներից։ Վերջին տարիներին գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը՝ Մանվել Սարիբեկյանի դիակը վերադարձնելը, մեկ այլ գերու խելագարության հասցնելը, հիմա էլ 77-ամյա ծերունու հետ նման կերպ վարվելը, ըստ իրավապաշտպանի, արդեն իսկ ամենաբարձր մակարդակներով Ադրբեջանի հարցը դնելու անհրաժեշտություն է ստեղծում։

«Հակոբ Ինջիղուլյանի փորձը ցույց տվեց, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ նամակագրությունը զրո արդյունք է տալիս։ Խնդիրը պետք է բարձրացվի պետական մակարդակով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը, ով նաև կառավարությանն առընթեր գերիների, պատանդների հարցերի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս