Վալերի Տրիերվեյլերը պլանավորել է գիրք գրել Օլանդի հետ իր կյանքի մասին
Ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը պատմել է, որ պլանավորել է գիրք գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ իր կյանքի մասին:
Տրիերվեյլերը խոստովանել է, որ ինքն ու Օլանդը տարբեր կերպ են վերաբերվել մեծ քաղաքականությանն ու Ելիսեյան պալատում կյանքին: Նրա կարծիքով՝ եթե չլինեին իշխանական փորձությունները, ապա իրենք կարող էին մնալ որպես զույգ: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ստացել է կյանքի մեծ փորձ՝ կատարելով առաջին տիկնոջ գործառույթներ:
Ֆրանսուա Օլանդը Վալերի Տրիերվեյլերից բաժանվելու մասին հայտարարել է այս տարվա հունվարի 25-ին: Նրանց հարաբերությունները շարունակվել են 2000-ական թվականների կեսերից, սակայն երբեք պաշտոնապես գրանցված չեն եղել: Զույգի բաժանման համար պատճառ հանդիսացավ այն, որ Օլանդը կնոջը դավաճանել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, ինչը բացահայտել էին լրագրողները: