
Համաներման մասին օրենքն ընդունվել է սահմանադրական նորմերի խախտմամբ. ուկրաինական ընդդիմություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը երեկ հայտարարել են, որ բողոքի ակցիաների մասնակիցների համաներման մասին օրենքն ընդունվել է սահմանադրական նորմերի խախտմամբ:
Նրանց տարածած համատեղ հայտարարությունում նշված է, որ Ռեգիոնների կուսակցությունը՝ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, հունվարի 29-ին վերստին դիմել է ուղիղ շանտաժի, բաց մեքենայության ու կեղծիքի՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագծերի ընդունման ժամանակ:
Նրանք հունվարի 29-ին համաներման մասին օրենքի ընդունումը համեմատել են հունվարի 16-ին խորհրդարանի կողմից «բռնապետական օրենքների» ընդունման հետ, երբ քվեարկության ժամանակ գրանցվել էին զանգվածային խախտումներ (պատգամավորները քվեարկել են նաև ուրիշների փոխարեն):
Ընդդիմադիր առաջնորդները կարծում են, որ սահմանադրական նորմերի խախտման համար անձնական պատասխանատվություն է կրում նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով հունվարի 29-ին անձամբ է եկել խորհրդարան և շանտաժի ու ահաբեկչման միջոցով իր խմբակցությանը հարկադրել է ընդունել «պատանդների մասին» օրենքը՝ խմբակցությանը հասցնելով պառակտման շեմին:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը երեկ դիմել է հայրենակիցներին՝ ընդգծելով, որ իշխանությունները կատարել են բոլոր խոստումներն ու ստանձնած պարտավորությունները: