Հրանտ Բագրատյան. Մարդիկ ստեղծում են հիմնարկ, իրենց սանիկներին դնում են հաշվապահ, նույնը բանկերում է, կառավարությունում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսերի նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ հաշվապահ կարող է աշխատել համապատասխան ուսումնական կուրսերին մասնակցած անձը, այնինչ ստորագրող հաշվապահները պետք է ունենան համապատասխան կրթություն:

«Մենք ունենք նաև որակավորված հաշվապահներ և օրենքն ասում է հետևյալը, որ որակավորված հաշվապահը ստորագրում է ֆինասական հաշվետվությունները, իսկ մնացած բոլոր կազմակերպություններում որակավորման վկայական ունենալու կարիք չկա, բավարար  է գիտելիքները այդ ոլորտից: Այս առնչությամբ մենք եվրոպական ստանդարտներից չենք տարբերվում, որովհետև կարծում ենք, որ ստորագրող հաշվապահները միայն պետք է ունենան համապատասխան կրթություն: Կիրառության տեսանկյունից այս օրենքը յուրահատկություն չունի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հաշվապահների որակավորման ստանդարտներին, ապա Դավիթ Սարգսյանը նշեց, որ դրանք Հայաստանում գործում են, կիրառության մեջ են դրվել 1997 թվականից և տրվում են հաշվապահների միջազգային կազմակերպության կողմից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով նախարար Դավիթ Սարգսյանին, ասաց. «Ռուսաստանում կամ Ուկրաինայում քավոր-սանիկական հարաբերությունները կարևոր չեն, բայց Հայաստանում կարևոր են, շատ կարևոր են… Մարդիկ ստեղծում են հիմնարկ, իրենց սանիկներին դնում են հաշվապահ, ֆինանսների պատասխանատու, նույնը՝ բանկերում է, կառավարությունում»:

Ֆինանսների նախարարը հորդորեց չվիրավորել, իսկ երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի, երբ համոզված լինի, որ «քավոր-սանիկական» հարաբերությունների հիմքով չեն ղեկավարվի հանրային հատվածի ֆինանսական համակարգը, Դավիթ Սարգսյանը կատակեց՝ նշելով, թե մոնիտորինգ կանցկացնեն՝ տեսնելու համար, թե գերատեսչությունում քանի քավոր-սանիկ կա, քանիսն են վատ կամ լավ հարաբերությունների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս