«Գազային պայմանագրերի» հարցը կբարձրացվի փետրվարին 3-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանում
Փետրվարի 3-ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել: Պարզվում է` ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», պատրաստվում են ԱԺ-ում կրկին բարձրացնել աղմկահարույց «գազային պայմանագրերի» հարցը: Թե կոնկրետ ի՞նչ քայլ են պատրաստվում անել նրանք՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն հաստատեց, որ փետրվարի 3-ի օրակարգում ոչ իշխանական չորս ուժերի կողմից՝ հրատապ կարգով առաջադրվելու է հարց՝ կապված նաև «գազային պայմանագրերի» հետ: «Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին նախատեսո՞ւմ են կառավարությանն անվստահություն հայտնել, ՀՅԴ խմբակցության պատգամավորը պատասխանեց, թե այդ հարցը փետրվարի 3-ի օրակարգում չկա, սակայն քննարկումներն այդ հարցով շարունակվում են:
«Այդ հարցը քննարկման փուլում է: Ի վերջո, չմոռանանք, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով ցանկացած ժամանակ՝ 44 պատգամավորների ստորագրության պայմաններում, անգամ առանց որևէ հիմնավորման այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում»,- նշեց նա:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին էլ խնդրեց մանրամասնել, թե փետրվարի 3-ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանին ի՞նչ են պատրաստվում ձեռնարկել ոչ իշխանական չորս խմբակցությունները «գազային պայմանագրերի» առումով:
«Ես միշտ խնդրում եմ ինձ հնարավորություն տալ խոսել տեղի ունեցած և ոչ թե տեղի ունեցող հնարավորությունների մասին: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ, այո՛, չորս ուժերի ներկայացուցիչները քննարկում են բոլոր արդիական հարցերը, այդ թվում՝ պայմանագրերի հարցը, և մշակում են մարտավարություն: Ինչ որոշում կայացվի՝ ես ձեզ մեծ սիրով կտեղեացնեմ, առնվազն իմ պարտավորությունների շրջանում»,- ասաց Տ. Ուրիխանյանը: