Ռուսաստանը խստացրել է ուկրաինական ապրանքների ներկրման ընթացակարգերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան սկսել է խորհրդակցություններ անցկացնել Արդյունաբերողների ու ձեռնակատերերի ռուսական միության հետ՝ կապված Ռուսաստանի մաքսային սահմանին ուկրաինական ապրանքների զննման խստացման հետ:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ հունվարի 28-ից ուկրաինական արտահանումը Ռուսաստանի սահմանին ենթարկվել է մաքսային մանրակրկիտ զննման: Խստաված վերահսկողության ընթացակարգերն առնչվում են Ուկրաինայում արտադրված սննդամթերքին, մեքենաշինական արտադրանքին, մետաղին և այլն:
Ուկրաինական կողմը հավելել է, որ մաքսային ձևակերպման ժամանակ ուկրաինական արտադրանքն իջեցնում են բեռնատարներից ու երկաթուղային վագոններից, կշռում և ստուգում են դրանց համապատասխանությունը փաստաթղթերին: Ռուսաստանի մաքսային մարմինները բեռների տերերից պահանջում են ապրանքների ինքնարժեքի 5-40 տոկոսի չափով հավելյալ տուրքերի վճարում:
Նշվում է, որ 2013 թվականի ամռանը Ռուսաստանը դարձյալ խստացրել էր ուկրաինական արտահանման ռեժիմը: Այն ժամանակ դա շաղկապել էին նրա հետ, որ Կիևը ցանկանում է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ
Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական մամուլը կանխատեսել էր, որ վարչապետի հրաժարականից ու հունվարի 16-ի բռնապետական օրենքների չեղյալ հայտարարումից հետո Ռուսաստանը կարող է Ուկրաինայի հանդեպ սանձազերծել մաքսային նոր պատերազմ: