
Թունիսի նոր կառավարությունը երդում է տվել

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թունիսի նոր կառավարությունը՝ վարչապետ Մեհդի Ջոմաայի գլխավորությամբ այսօր երդում է տվել երկրի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուկիի առաջ:
Նախօրեին Թունիսի Ազգային հիմնադիր խորհուրդը (ժամանակավոր խորհրդարան) ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացրել կառավարության նոր կազմը:
Թունիսի նախագահը երեկ Ջոմաային արդեն երկրորդ անգամ հանձնարարել է ձևավորել կառավարություն, քանի որ վարչապետին չէր հաջողվել ավելի վաղ հաստատված ժամկետում ձևավորել կառավարության ողջ կազմը:
Ջոմաան կառավարություն կազմելու մասին առաջին անգամ հրահանգ էր ստացել նախորդ տարեվերջին: Անկուսակցական, պրոֆեսիոնալ նախարարների կառավարությունը պետք է փոխարինի այն կառավարությանը, որում գերակայել են իսլամականները: