Դերենիկ Դումանյանը շնորհակալ է Լյուդմիլա Սարգսյանին
«Ես շնորհակալ եմ տիկին պատգամավորին, որ բարձրացրեց այդ հարցը, որովհետև ես վստահ եմ, որ այն հարցը, որ ինքը բարձրացրեց, այժմ գոյություն չունի»,- ասյօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը նախարարությունում առկա «ատկատների մասին»: Նրա խոսքով՝ երեք տարի առաջ կամ երեք տարի հետո արված հայտարարությունը կարող է լինել ժամանակավրեպ կամ ճիշտ ժամանակին: Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք երեք տարի առաջ «ատկատ» կար, թե ոչ, Դումանյանը պատասխանեց, որ այդ տարիներին ինքը նախարար չի եղել և իրավասություն չունի խոսելու դր մասին: Նա նշեց, որ դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, խնդրել ուսումնասիրել ներկայացված փաստերը, և եթե խախտումներ կան, ապա պատժի խախտողներին:
Դ. Դումանյանի խոսքով՝ 2013 թվականին արձանագրվել է 9,9 պրոմիլ մանկական մահացության դեպք: Սա, նրա խոսքով, մանկական մահացության ամենացածր ցուցանիշն է վերջին տարիներին: Ըստ նախարարի՝ այս թիվը երկու անգամ գերազանցում է Եվրամիության երկրների ցուցանիշը, սակայն երկու անգամ պակաս է ԱՊՀ երկրների ցուցանիշից: Դերենիկ Դումանյանն ասաց, որ նվազել է նաև մայրական մահացության ցուցանիշը:
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի կազմավորվել է առողջապահական տեսչությունը, որն ի թիվս այս հարցերի՝ կզբաղվի դեղորայքի շրջանառության, բժշկական հիմնարկներում լիցենզավորման պահանջների կատարման հարցերով: Նախարարի խոսքով՝ առողջապահական տեսչությունն այժմ 380 աշխատող ունի, ևս 70 անձ կընդունվի աշխատանքի: Նրա խոսքով՝ 2013թ. խնայվել է 1 մլն 650 հազար դոլարին համարժեք դրամ, ինչը կուղղվի մարզային բժշակական հաստատություններին: