Բաժիններ՝

Սիրիայից դուրս է բերվել առավել վտանգավոր թունավոր նյութերի 5 տոկոսը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ հունվարի 9-ին ու 27-ին Սիրիայի Լաթաքիա նավահանգստից դուրս է բերվել թունավոր նյութերի երկու խմբաքանակ: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում երկրից դուրս է բերվել 15-20 տոննա թունավոր նյութ:

Այս մասին հայտարարել են քիմիական զենքի դուրս բերելը վերահսկող դիվանագետներն ու փորձագետները: Թերթն ընդգծում է, որ եթե այդ տվյալները ճիշտ են, ապա տվյալ պահին միջազգային գործողության մեջ ներգրավված դանիական ու նորվեգական նավերը Սիրիայից դուրս են բերել առավել վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում նաև զարինի ու VX-ի պաշարների 5 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, այդ նավերը պետք է Սիրիայից դուրս բերեն 630 տոննա առավել վտանգավոր քիմիական նյութեր: Պլանի համաձայն, առավել վտանգավոր նյութերն ամերիկյան Cape Ray նավում պետք է ոչնչացվեն մինչև մարտի 31-ը: Քիմիական զենքի մնացյալ բաղադրատարրերը Սիրիայի տարածքից պետք է դուրս բերվեն այս տարվա փետրվարի 5-ից ոչ ուշ:

Սակայն բացառված չէ, որ այդ ժամկետը կերկարաձգվի: Սիրիայի քիմիական զինանոցի ամբողջական ոչնչացումը պլանավորված է իրականացնել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս