Օբաման խոստացել է վետո դնել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների վրա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ վետո է դնելու Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկի վրա, որոնք կարող են խանգարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Օբաման հայտարարել է, որ Իրանը սկսել է բարձր հարստացված ուրանի իր պաշարների վերացումը, չի տեղադրում նոր ցենտրիֆուգներ, աննախադեպ ստուգումներն աշխարհին օգնում են օրեցօր համոզվել, որ Իրանը ռումբ չի ստեղծում:
Դրա հետ մեկտեղ Օբաման խոստովանել է, որ Իրանի հետ բանակցությունների կլինեն դժվարին և կարող են չպսակվել հաջողությամբ. «Մենք հստակ տեսնում ենք, որ Իրանն աջակցում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսին որ «Հզբոլլահն» է, որոնք սպառնում են մեր դաշնակիցներին:
Մեր երկրների միջև անվստահությունը չի կարելի վերացնել ինքնաբերաբար: Սակայն այդ բանակցությունները հենված չեն վստահության վրա, և երկարաժամկետ համաձայնագիրը պետք է մշակվի տեսչական գործողությունների հիման վրա, որոնք մեզ և միջազգային հանրությանը կհամոզեն, որ Իրանը չի ստեղծում միջուկային զենք»:
Օբամայի խոսքերով՝ ներկայիս բանակցությունները հնարավոր են դարձել նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շնորհիվ. «Սակայն ես հստակություն կմտցնեմ. եթե Կոնգրեսն այժմ ինձ ուղարկի նոր պատժամիջոցներ, որոնք կսպառնան այդ բանակցություններին, ես վետո կդնեմ դրանց վրա»: