Ուկրաինական արժանապատվությունն ու Հայաստանի թշվառությունը
Մինչ երեկ հասարակությունն ու իշխանությունները նշում էին Բանակի օրը, Երևանում մի ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, որը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի քաղաքական թշվառությունը: Ըստ news.am-ի՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջ Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղաքային կազմակերպության մի քանի տասնյակ ակտիվիստներ պիկետ են անցկացրել՝ ընդդեմ Ուկրաինայի «եվրոպամետ ընդդիմության գործողությունների», որը, հայ կոմունիստների կարծիքով՝ փորձում է «եվրոմայդանի» միջոցով հասնել այդ երկրում իշխանափոխության:
Պիկետի մասնակիցները համերաշխություն են արտահայտել իրենց ուկրաինացի համակիրներին ու Ուկրաինայի իշխանություններին, իսկ Կենտկոմի քարտուղար Երջանիկ Ղազարյանն ընթերցել է Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը, որում «արևմտամետ ուկրաինական ընդդիմության գործողությունները» բնորոշվում են՝ որպես սահմանադրական կարգը խափանելու փորձ, որին աջակցում են, այսպես կոչված, արևմտյան ժողովրդավարության ջատագովները:
«Մենք մեր համերաշխությունն ենք արտահայտում Ուկրաինայի մարզերում ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք արժանի հակահարված են տվել ծայրահեղական խմբավորումներին: Հուսով ենք, որ եղբայրական Ուկրաինայի իշխանությունները կայունություն ու հաստատակամություն կդրսևորեն ու չեն ենթարկվի արևմտյան առաջնորդների պայմաններին ու երկրում կարգ ու կանոն կհաստատեն»,- նշված է Կոմկուսի հայտարարությունում, որը փոխանցվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղարին:
Այս պիկետը կարելի էր ընդհանրապես ուշադրության չարժանացնել՝ համարելով, որ կոմունիստները հերթական առիթն օգտագործում են «նեխած իմպերիալիզմի» դեմ պայքարելու ու այդպիսով՝ ոչ այնքան Ուկրաինայի, որքան Ռուսաստանի իշխանություններին իրենց հավատարմությունն արտահայտելու համար:
Կոմունիստների սակավամարդ պիկետին հենց այդպես էլ կարելի էր վերաբերվել, եթե այն չլիներ Հայաստանում ուկրաինական իրադարձությունների առիթով տեղի ունեցած սակավաթիվ միջոցառումներից մեկը: Մինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այս օրերին իր աջակցությունն է հայտնում ուկրաինացի ժողովրդի պայքարին, Երևանում, չհաշված քաղաքացիական ակտիվիստների մեկ-երկու ակցիաներ, որևէ լուրջ միջոցառում տեղի չի ունեցել:
Մեր չափազանց ընդդիմադիր ու անսահման արմատական ընդդիմադիրներն ամեն կերպ խուսափում են որևէ դիրքորոշում հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, քանի որ այդպիսով կարող են դուր չգալ Ռուսաստանի իշխանություններին, որոնցից Հայաստանում հավասարապես կախված են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները: Ու այդ ֆոնին՝ Հայաստանում ուկրաինական դեպքերի առիթով գրեթե լռության ֆոնին, կոմունիստները պիկետ են անցկացնում, ըստ էության, ընդդեմ ուկրաինացի ժողովրդի:
Ընդ որում, կոմունիստները Հայաստանում վաղուց նույնիսկ Լենինից ցիտատներ չեն անում՝ առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու: Հետևաբար՝ մեծ հավանականությամբ, այսօրվա պիկետը ևս կամ համաձայնեցվել, կամ անգամ հանձնարարվել է իշխանությունների կողմից: Մոսկվայում գիտեն, թե ում ազդեցության տակ են Հայաստանում ազդեցություն չունեցող կոմունիստները, հետևաբար՝ այդ պիկետը կարող է ընդունվել՝ որպես Հայաստանի իշխանությունների կողմից արված «ժեստ»:
Սրանք, իհարկե, քաղաքական մանրուքներ են, որոնց տիրապետում են ինչ-ինչ շրջանակներ: Մյուսների, այսինքն՝ մարդկանց մեծամասնության համար Հայաստանն աշխարհում գուցե միակ երկիրն է, որտեղ թեկուզ մի քանի տասնյակ մարդ է հավաքվում Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար: Հայ կոմունիստների աջակցությունը, իհարկե, Յանուկովիչին չի փրկի, քանի որ հիմա նրան չի փրկում անգամ ռուս «եդինոռոսների» աջակցությունը: Փոխարենը՝ այդ անիմաստ միջոցառմամբ հերթական անգամ կընդգծվի Հայաստանում քաղաքական համակարգի բացակայությունն ու դեգրադացվածությունը: