Առաջին անգամ ՀՀ կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր
Այս տարի առաջին անգամ ՀՀ կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզերից արդեն հավաքվել է պարարտանյութի պահանջարկի մասին տեղեկությունը. ազոտական պարարտանյութի պահանջարկը շուրջ 33 հազար տոննա է, ֆոսֆորականը՝ 2600 տոննա, իսկ կալիումականը՝ 1800 տոննայի սահմաններում:
Փոխնախարարի խոսքով՝ ազոտական պարարտանյութի գները պահպանվել են նախորդ տարվա մակարդակին (6000 դրամ/պարկ), իսկ ֆոսֆորականը, որ ավելի թանկ պարարտանյութ է, 46% ազդող նյութով սուպերֆոսֆատ, և կալիումականը՝ ազդող նյութը 60 %, գյուղացուն կտրվեն 1 պարկը 7000-ական դրամով: Կառավարությունը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերն ավելի շատ է սուբսիդավորելու, քան ազոտականը: Ըստ Ս.Գալստյանի՝ ազոտի դեպքում յուրաքանչյուր պարկի սուբիդավորումը կազմում է 2000 դրամ, իսկ մյուսները՝ 5000 դրամից ավելի:
«Առաջին անգամ է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ տրվում և գյուղացիական տնտեսություններին պետք է շահագրգռել դրանք վերցնելու, որովհետև այդ պարարտանյութերի կարիքը շատ կա՝ ֆոսֆորն ու կալիումը հատկապես պտուղ բանջարեղենի, խաղողի, համար, իսկ ֆոսֆորը հիմնականում հացահատիկի: Մեր հողերը շատ զգում են դրանց կարիքը, քանի որ այս տարիների ընթացում մինշտ միակողմանի է պարարտացվել»,- ասաց Ս.Գալստյանը: