Կիևում սկսվել է 21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխությունը. Սաակաշվիլի
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է Ուկրաինայի վերջին իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոդվածը:
Դրանում Սաակաշվիլին կոչ է արել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չշփոթել այլ երկրների հանրահավաքների հետ, ուր մարդիկ ձգտում են հասնել սոցիալական իրավունքների կամ էլ բողոքում են կոռումպացված տիրակալի դեմ:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Կիևում սկսվել է 21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխությունը: Նա այդ իրադարձությունը որակում է որպես վերպետական մասշտաբի իրադարձություն և ոչ թե պարզապես հարյուր հազարավոր ցուցարարների ու Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի միջև դիմակայություն:
Սաակաշվիլիի խոսքերով՝ դա երկու գաղափարախոսության, աշխարհի մասին երկու պատկերացման, երկու ապրելակերպի, արևմտյան անկախ ժողովրդավարության ու պուտինյան Ռուսաստանի միջև պայքար է. «Վերջին տարիներին նախագահ Պուտինին համարձակություն է տալիս այն միտքը, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան խրված են այլ տարածաշրջանների ճգնաժամերի մեջ:
Նրան ուժ են տալիս նաև Հայաստանում ու Վրաստանում ունեցած քաղաքական հաջողությունները: Դա նաև վերաբերում է Ուկրաինային, ուր նա 2010 թվականին կազմակերպեց 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունից» հետո ձևավորված կառավարության տապալումը:
Թվում է, թե Պուտինը համոզված է եղել, որ վերջապես իրեն հաջողվել է Արևմուտքին դուրս մղել հետխորհրդային տիրույթից, որը նա համարում է իր բնական ժառանգությունը: Սակայն այստեղ գործողության մեջ մտավ չկանխատեսված գործոն. ժողովրդավարական, բաց ու եվրոպական հասարակությունում ապրելու ուկրաինացիների ձգտումը:
Ես բավական լավ գիտեմ Վլադիմիր Պուտինին՝ հասկանալու համար, որ հենց նա է կանգնած Կիևում ուժային ակցիաների հետևում, նույն կերպ, ինչպես որ նա ձեռք է մեկնել սիրիացիներին զանգվածաբար սպանած Բաշար Ասադին ու Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Կրեմլի տեսանկյունից Ռուսաստանը չունի սահմաններ, նա ունի միայն ծայրագավառներ, որոնք դարերով մատնված են լինել կոռումպացված, քաոսային իրավիճակով, թերի ու անկարող: Եկել է ժամանակը կնքահորը և ոչ թե միայն նրա կլանի անդամներին պատասխանատվության ենթարկելու ժամանակը: Արևմուտքին տհաճություններ պատճառող ուղեղային կենտրոնը գտնվում է Կրեմլում»: