
Ռեգիոնների կուսակցությունն իր պատգամավորներին ազատություն է տվել այսօրվա քվեարկության համար (ուղիղ միացում խորհրդարանից)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցությունը որոշում է ընդունել հունվարի 16-ի (բռնապետական) օրենքների չեղյալ հայտարարման հարցում ազատ քվեարկություն անցկացնելու մասին: Այս մասին խորհրդարանի շենքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ կուսակցության պատգամավոր Վլադիմիր Օլիյնիկը.
«Մենք որոշում ենք ընդունել ազատ քվեարկության մասին: Ես անձամբ չեմ մասնակցելու քվեարկությանը: Ինչո՞ւ, որովհետև ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է չեղյալ հայտարարել այն օրենքը, որը պատասխանատվություն է նախատեսում այն անձանց գերեզմանները պղծելու համար, ովքեր իրենց կյանքն են տվել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ:
Ինչպե՞ս քվեարկել համաներման չեղյալ հայտարարման օգտին, երբ այն արդեն իսկ գործում է: Դատարաններն ազատ են արձակել մարդկանց»: Օլիյնիկը կարծիք է հայտնել, որ խորհրդարանում կգտնվեն բավականաչափ թվով մարդիկ՝ հունվարի 16-ի օրենքները չեղյալ հայտարարելու համար: